Մատչելիության հղումներ

Հայտնի են դարձել «Էմմի»-ի 58-րդ մրցանակաբաշխության հաղթողները


Ամենից սպասված՝ «լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց հոլիվուդյան աստղ Քիֆեր Սազերլենդը՝ «24-ը» հեռուստասերիալում խաղացած դերի համար:

«Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթանակ տոնեց Մարիշկա Հարգիթեյը՝ «Օրենք եւ կարգուկանոն» նախագծում կատարած աշխատանքի համար:

«Կատակերգային սերիալի լավագույն դերասանը» Թոնի Շելհուբն է, իսկ նույն ոճում լավագույն դերասանուհին` Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը:

«Լավագույն կատակերգային սերիալ» անվանակարգում շնորհավորանքներ են ընդունել «Գրասենյակ» նախագծի ղեկավարները, իսկ լավագույն դրամատիկ սերիալը «24֊»-ն է:

«Լավագույն ռիալիթի-շոու» է ճանաչվել «Զարմանահրաշ վազքուղի» նախագիծը:

Անցյալ տարի ամերիկյան հեռուստաակադեմիայի անդամների շարքերը համալրեց նաեւ Հայաստանի հանրային հեռուստատեսության հաղորդավար Արթուր Բախտամյանը: Նրա խոսքերով, այս տարի ոչ մի հայկական հեռուստանախագիծ «Էմմի 2006»֊-ում չէր ներկայացված: «Այդուհանդերձ մենք ունենք նախագծեր, որոնք կարող են միջազգային ասպարեզ դուրս գալ: Սակայն այս ամենը մեծ աշխատանք է պահանջում», - ասում է նա:

Վրաստանն ամեն տարի «Էմմի»-֊ին մի քանի նախագիծ է ներկայացնում: Ճիշտ է, դեռ ոչ մի վրացական նախագիծ հաղթող չի ճանաչվել, այդուհանդերձ վրացական նախագծերը դուրս են գալիս միջազգային շուկա եւ հնարավորություն ստանում մրցակցել համաշխարհային առաջատար նախագծերի հետ:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG