Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի քաղաքացի Հրայր Ագանիկյանի դատավարությունը հետաձգվեց


Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց ազգությամբ հայ, ԱՄՆ-ի քաղաքացի Հրայր Ագանիկյանի դատը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով` խարդախության, առանձնապես խոշոր չափերի խարդախության, դրամաշորթության, վաշխառության եւ կեղծ ապացույցներ օգտագործելու մեջ եւ կալանված է:

Ագանիկյանի շահերի պաշտպան, փաստաբան Վարդան Զուռնաչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրականում Հրայր Ագանիկյանն անմեղ է, եւ Կենտրոնի քննչական բաժինը «սարքել է» այս գործը:

Հայաստանի 8 քաղաքացիներ հայց են ներկայացրել Ագանիկյանի դեմ, թե վերջինս նրանցից գումար է շորթել, հափշտակել, պարտքերի վերաբերյալ կրկնակի ստացականներ է կիրառել: Մինչդեռ, ըստ փաստաբանի, Ագանիկյանը պարտքով գումարներ է տվել այդ քաղաքացիներին, որը կազմում է մոտ 100 հազար դոլար, եւ այդ գումարները մինչ օրս այդպես էլ հետ չի ստացել: Վարդան Զուռնաչյանը համոզված է, որ այս գործը հորինվել է մի նպատակով՝ որպեսզի պարտքը չվերադարձվի: Ավելին, նա կասկածներ ունի, թե հայց ներկայացնողներն ու քննիչը ներքին համաձայնության են եկել միմյանց հետ եւ քննիչին գումար է վճարվել:

Փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալի դեմ քրեական մեղադրանք ներկայացվել է 2005 թվականի հուլիսին, սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազը չի հաստատել մեղադրանքը եւ գործը վերադարձրել է նախաքննության մարմնին, քանի որ օբյեկտիվ քննություն չի անցկացվել եւ չեն ստուգվել Հրայր Ագանիկյանին արդարացնող փաստերը: Այդ ընթացքում գործը քննել է քննիչ Մասիս Մելքոնյանը, որից հետո քննությունը շարունակել է քննիչ Էդիկ Հակոբյանը, սակայն, ըստ Զուռնաչյանի, կրկին Ագանիկյանին արդարացնող փաստերը չեն ուսումնասիրվել:

Փաստաբանի համոզմամբ, այս ամբողջ գործը իրականում գտնվում է քաղաքացիա-իրավական հարաբերության դաշտում, սակայն քննիչների «թեթեւ ձեռքով» վերածվել է քրեական գործի:

Դատական նիստին մասնակցելու էին եկել նաեւ Հրայր Ագանիկյանի եղբայրները, որոնք նույնպես բնակվում են ԱՄՆ-ում: Եղբայրներից Գառնիկ Ագանիկյանը հայտնեց, որ Հրայր Ագանիկյանը Միացյալ Նահանգներ է մեկնել 1989 թվականին, որտեղ եւ Ամերիկայի քաղաքացիություն է ստացել, իսկ արդեն 1998 թվականին վերադարձել է Հայաստան՝ բիզնեսով զբաղվելու նպատակով:

Տուժող կողմը նիստին ներկա չէր, ինչի պատճառով դատը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 6-ը :

Դատավարության ընթացքին հետեւում է նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի հյուպատոս Մերի Սթիքըլզը, քանի որ մեղադրյալի աթոռին հայտնված անձը Միացյալ Նահանգների քաղաքացի է: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում նա ասաց, թե իրենք հետեւում են դատավարությանը, քանի որ շահագրգռված են, որպեսզի արդար դատավարություն տեղի ունենա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG