Մատչելիության հղումներ

Ընդունելության քննաշրջանն ավարտված է


Ինչպես եւ սպասվում էր, բուհերի գրեթե բոլոր ֆակուլտետներում նախորդ տարվա համեմատ անցողիկ միավորները նվազեցին, բացառությամբ այն ֆակուլտետների, որտեղ մրցույթն իսկապես շատ մեծ էր, եւ անցողիկ շեմը, ըստ էության, պահպանվեց:

Անցողիկ ամենաբարձր շեմն արձանագրվեց Երեւանի պետական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի անգլերեն եւ ֆրանսերեն բաժիններում: Երկրորդ հորիզոնականում տնտեսագիտության ֆակուլտետն էր: Այս տարի կրկին մրցույթի բարձր շեմ ապահովեց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Այս առումով դժվար կացության մեջ հայտնվեցին Ճարտարագիտական համալսարանը, Ճարտարապետության եւ շինարարության ինստիտուտն ու Ագրարային համալսարանը:

Թեեւ քննաշրջանն այս տարի ավարտվեց մեկ փուլով եւ նախորդ տարիների նման մինչեւ սեպտեմբերի կեսերը առանց տարկետման պահուստային տեղերը բաշխելու խնդիր չի առաջանա, սակայն չընդունված դիմորդները դեռեւս հույսը չեն կորցրել: Այսօր նրանք հավաքվել էին Հանրապետական ընդունող հանձնաժողովի շենքի մոտ եւ պարզաբանումներ էին պահանջում պատասխանատուներից:

Դժգոհության առիթն այն էր, որ ստացած լինելով անվճարի կամ վճարովիի անցողիկ շեմին հավասար, շատ դեպքերում նույնիսկ բարձր միավորներ` մրցույթից դուրս են մնացել, փոխարենը շատերն ընդունվել են իրենցից ավելի ցածր միավորներով: Նրանք վկայակոչում էին քննություններում տեսած օրինախախտումները, «արտոնյալներին» հուշելու դեպքերը:

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սասուն Մելիքյանը տեղեկացրեց, որ պահուստային տեղերի ֆոնդը սպառված է եւ այլեւս ոչ մի տեղ չի ավելացվելու:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG