Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Սիլվա Կապուտիկյանը հայ նորագույն գրականության ամենաականավոր ներկայացուցիչներից է»


Անվանի բանաստեղծուհի, հրապարակախոս եւ հասարակական գործիչ, ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մեծ ցավով տեղեկացա անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մահվան մասին»»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում, որն այսօր տարածել է նախագահի մամլո ծառայությունը: «Սիլվա Կապուտիկյանը հայ նորագույն գրականության ամենաականավոր ներկայացուցիչներից է, որի գեղարվեստական եւ հրապարակախոսական ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ ուղեկցել են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ընթերցողին: Թե’ հայրենիքում, թե’ սփյուռքում նա մեծ ժողովրդականություն էր վայելում՝ իբրեւ իր երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մտավորական»:

«Սիլվա Կապուտիկյանի վախճանը մեծ կորուստ է մեր գրական ու հասարակական կյանքում: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում բանաստեղծուհու հարազատներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- գրել է նախագահն իր ուղերձում:

Սիլվա Կապուտիկյանը, որը վախճանվել է այսօր առավոտյան, միշտ աչքի է ընկել Հայաստանի իշխանությունների նկատմամբ քննադատական կեցվածքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG