Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ առաջիկա ընտրությունների մասին


Հայաստանի ժողովրդական կուսակցությունը պատրաստ է միայնակ մասնակցել ընտրություններին, սակայն կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը չի բացառում ընտրություններին մասնակցությունը նաեւ որեւէ դաշինքի կազմում:

Ապագա խորհրդարանական արդար ընտրություններն ապահովելու հետ կապված «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությանը միանալու հնարավորության առնչությամբ Դեմիրճյանը հայտարարեց. «Եթե կուսակցություններ կան, որոնք գտնում են, որ պետք է շարժում նախաձեռնել հանուն արդար ընտրությունների, շատ լավ է, բայց, առաջին հերթին, այդ կուսակցությունները պետք է ոչ թե լղոզված, այլ հստակ եւ անաչառ գնահատականներ տան անցած կեղծված ընտրություններին»: Ստեփան Դեմիրճյանը ճշտեց, որ «խոսքը ոչ միայն «Օրինաց երկիր»-ի մասին է»:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մհեր Շահգելդյանի խոսքերով, շփումները տարբեր ուժերի հետ այս հարցով շարունակվում են, բայց հստակ տեղեկատվություն կլինի առաջիկայում: Նրա վկայությամբ, խոսքը չի վերաբերում միայն «Օրինաց երկիր»-ին, դա քաղաքացիական լայն նախաձեռնություն է՝ ուղղված կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ շարժումներին, ընդ որում՝ ֆինանսական խնդիր այստեղ չի դրվում:

«Արդարություն» խմբակցության նախկին քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե արդար ընտրությունների մի ուղի ինքը արդեն բացել է՝ նկատի ունենալով երեկվանից խորհրդարանում պաշտոնապես շրջանառության մեջ դրված իր օրինագիծը, որով Ազգային ժողովի բոլոր 131 պատգամավորները պետք է միմիայն համամասնական ընտրակարգով ընտրվեն՝ կուսակցական կամ դաշինքների ցուցակներով: Նրա համոզմունքն է, որ Հայաստանի պայմաններում քաղաքական համակարգի զարգացման տեսանկյունից ընդունելի է 100 տոկոս համամասնական ընտրակարգը: Օրենսդրական նախաձեռնության կարեւորագույն նպատակներից մեկն էլ, ըստ նրա, «կրիմինալի դեմ օրենսդրական համապատասխան բազայի ստեղծումն է»:

«Գաղտնիք չէ, որ կան ուժեր, որոնք շահագրգիռ են մեծամասնական ընտրակարգով՝ փողի եւ զոռբայության, վարչական լծակներ օգտագործելու միջոցով կեղծել խորհրդարանական ընտրությունները»,- պարզաբանեց Դալլաքյանը, միաժամանակ չհստակեցնելով, թե ո՞ր ուժերի մասին է խոսքը:

Նա կարծիք հայտնեց, որ «կրիմինալի մոբիլիզացիային» պետք է հակադրել հայրենասիրական ուժերի կոնսոլիդացիան, եւ իր օրենսդրական նախաձեռնությունը պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից: «Պատահական չէ, որ խորհրդարանում ներկայացված 6 քաղաքական ուժերից 5-ը՝ «Ազգային միաբանություն», «Արդարություն», Դաշնակցություն, «Օրինաց երկիր», Միավորված աշխատանքային կուսակցություն, իրենց հրապարակային ելույթներում հայտարարել են, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի կողմնակիցներ են»,- ընդգծեց պատգամավորը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG