Մատչելիության հղումներ

Թեեւ Ազգային Ժողովի համապատասխան մարմինները այսօրվա դրությամբ բացի «Արդարություն» խմբակցությունից դուրս գալու մասին Վիկտոր Դալլաքյանի դիմումից պաշտոնապես որեւէ այլ նման դիմում չեն ստացել, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, նույն խմբակցությունից պատրաստվում է դուրս գալ եւս մեկ անկուսակցական պատգամավոր՝ Թաթուլ Մանասերյանը, եւ նույնպես՝ դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն:

ԱՄՆ-ից օրերս վերադարձած Թաթուլ Մանասերյանն այսօր առավոտյան եղել է խմբակցության ղեկավարի առանձնասենյակում: Ներկաները պնդում են, որ որեւէ դիմում կամ նույնիսկ բանավոր ակնարկ խմբակցությունից դուրս գալու մասին չի եղել: Անձամբ Մանասերյանից տեղեկությունն այսօր ճշտել չհաջողվեց:

Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է արդյոք, որ նոր պատգամավորներ դուրս գան խմբակցությունից, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց. «Մենք որեւէ մեկին ուժով չենք պահում: Սակայն բացի Վիկտոր Դալլաքյանից, այս պահին դիմում ներկայացնող չկա»:

Տեղեկություններ կան նաեւ, որ չի բացառվում «Օրինաց երկիր» խմբակցությունից եւս երեք պատգամավորի՝ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանի, Գագիկ Ավետյանի եւ Վռամ Գյուլզադյանի դուրս գալը: Ըստ նույն աղբյուրի, Գյուլզադյանը, հնարավոր է, պաշտոն ստանա գործադիր իշխանությունում: Այս տեղեկությունը եւս դեռեւս չհաստատեցին ոչ խմբակցությունում, ոչ էլ անձամբ իրենք՝ պատգամավորները: Այսպիսի սցենարի դեպքում «Օրինաց երկիր»-ը կհասնի նախորդ խորհրդարանում ունեցած թվակազմին՝ 6 պատգամավոր:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG