Մատչելիության հղումներ

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի խաբված դիմորդների մի խումբ ծնողներ որոշել են դիմել Սահմանադրական դատարան ՝ իրենց զավակների ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար: Ընդունելության քննաշրջանի ավարտին այս դիմորդներին «սառը ցնցուղ» էր սպասում:

Նրանք վերջերս են իմացել, որ բուհ ընդունված շուրջ 300 տղաների 90 տոկոսը պետք է բանակ գնա: Անակնկալի եկած դիմորդներն ու ծնողները պատասխանատուների այս քայլը որակում են «խուլիգանություն».

Այս բուհը, որը կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ տարկետման իրավունք էր տալիս ընդունվող բոլոր տղաներին, այս տարի քննությունների նախօրեին գրեթե զրկվեց այդ իրավունքից:

Կառավարությունն այս մասին որոշում ընդունեց հուլիսի 13-ին, երբ դիմում-հայտերի ընդունմանը մնացել էր 2 օր եւ բոլոր դիմորդներն արդեն փաստաթղթերը ներկայացրել էին: Ինչպես այս, այնպես էլ Ֆրանսիական եւ Սլավոնական համալսարանների ղեկավարները որոշման մասին տեղեկացան դրա հաջորդ օրը: Եվ միայն վերջերս՝ ընդունելության քննությունների կեսերին էլ պարզ դարձավ, որ եթե մյուս երկու բուհերի համար իջեցված է տարկետման իրավունքով 70 եւ 200 տեղ, ապա Եվրոպական համալսարանին հատկացված է ընդամենը 30 տեղ. ընդ որում դրանք պետք է բաշխվեն 10 ֆակուլտետներից ընդամենը հինգում՝ 6֊-ական տեղով: Այսինքն՝ յուրաքանչյուր ֆակուլտետ ընդունված 30 տղաներից 6 հոգի պետք է օգտվի բանակ չգնալու իրավունքից: Նրանք էլ պետք է ընտրվեն ըստ առաջադիմության:

«Ես ի՞նչ պատասխան եմ տալու դիմորդներին, մենք 4 ամիս առաջ ենք հայտարարել ընդունելության պայմանները»,- մտահոգված է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ղեկավար Սերգեյ Բիչախչյանը,- «Կառավարությունը եթե այս թվերը պիտի հաստատեր, ինչու՞ դա չէր անում այն ժամանակ, երբ հաստատում էր մյուս պետական բուհերին հատկացվելիք տեղերը»:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կառավարության այս որոշման հաջորդ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել էր դրա անհրաժեշտությունը.- «Այս 3 համալսարանների տեղերը, ի տարբերություն Հայաստանի մյուս համալսարաների, հաստատված չէին կառավարության կողմից: Սա ստիպված քայլ էր, որովհետեւ ես ինքս որպես նախարար չէի կարող թույլ տալ, որ առանց իրավական հիմքի ընդունելություն կազմակերպվեր»:

Իսկ թե ինչո՞ւ այդ որոշումը կայացվեց եւ բուհերի ղեկավարներին հրամցվեց հապճեպ, վերջին պահին, այդպես էլ հստակ չպարզաբանեցին ոչ նախարարը, ոչ փոխնախարար Արա Ավետիսյանը: Վերջինս հավաստիացրեց, որ բուհերի ղեկավարները գրավոր տեղեկացված են եղել դեռ ամիսներ առաջ: Բայց Բիչախչյանի համար նման հայտարարությունը խիստ զարմանալի էր. «Մեզ երբեւէ նման բովանդակությամբ նամակ չի եկել եւ մեզ հետ ոչ ոք այս խնդիրը չի քննարկել»:

Գաղտնիք չէ, որ Եվրոպական եւ Ֆրանսիական համալսարանների հոգաբարձուների խորհրդի նախագահը ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանն է: Եվ հաշվի առնելով, որ այս բուհերի դեմ «արշավը» սկսվեց նրա հրաժարականից անմիջապես հետո, բուհական որոշ շրջանակներում կա համոզմունք, որ կառավարության այս քաղաքականությունն ուղղված է հենց ՕԵԿ առաջնորդին: Այս առիթով պարոն Բաղդասարյանն առայժմ ձեռնպահ է մեկնաբանություններից: Նրա մամլո ծառայության ղեկավարը փոխանցեց, որ ԱԺ նախկին խոսնակը իր վերաբերմունքը կհայտնի առաջիկա օրերին:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG