Մատչելիության հղումներ

Հայաստանի կոմկուսը առաջիկա ընտրություններին միայնակ կմասնակցի


Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 2007 թվականի ընտրություններին միայնակ է մասնակցելու՝ առանց որեւէ մեկի հետ դաշինք կազմելու: Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում կայացած հանդիպմանը հայտարարեց կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Կոմկուսն այս որոշումը կայացրել է 2003 թվականի ընտրություններին տեղի ունեցած գործընթացները վերլուծելուց հետո: Թովմասյանը փաստեց, որ վերջին ընտրություններում իրենք 87 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս մնացին խորհրդարանից, որովհետեւ համագործակցում էին ընդդիմադիր տարբեր ուժերի հետ՝ սկզբից սատարում էին Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին, հետո՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին, հետո էլ անդամակցեցին «17+1» դաշինքին, ինչի արդյունքում իրենց էլեկտորատն ապակողմնորոշվեց:

Այս սխալն ուղղելու համար կոմկուսը պատրաստվում է առաջիկա ընտրություններին միայնակ գնալ եւ նախագահի սեփական թեկնածուով հանդես գալ, որովհետեւ, կուսակցության ղեկավարի խոսքերով, իրենք այլեւս անելիք չունեն «այն մարդկանց կամ խմբերի, կուսակցությունների հետ, որոնք կարողացան գայթակղել կոմկուսին՝ իրենց պաշտպանելու, իրենց հետ համաքայլ գնալու»:

«Մենք պետք է գնանք միայնակ, պարտությունը լինելու է տղամարդավարի, հաղթանակն էլ՝ ես նկատի ունեմ Ազգային ժողով մտնելը, ինչը Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջիկա ամենախոշոր քայլը կլինի»,- հայտարարեց Թովմասյանը:

Քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությունը կոմկուսը հնարավոր է համարում մի դեպքում՝ եթե այդ ուժերը ընդունեն հետեւյալ պայմանները. «Սոցիալական արդարության համար պայքար, հասարակ մարդու ապրելակերպի բարելավում, Ռուսաստանի եւ Բելառուսի հետ միավորվելու շարժում եւ կրիմինալի ու կոռուպցիայի դեմ պայքար»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG