Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ի՞նչ ունեցանք 1990 թվականի Անկախության հռչակագրի ընդունումից հետո, արդյո՞ք անկախությունը մտավ բոլորիս հոգու եւ սրտի մեջ, արդյոք գերադա՞ս ենք համարում այն ամեն ինչից, անգամ սեփական բարեհարմարությունից»։ Անկախության 16-ամյակի կապակցությամբ հնչեցրած իր իսկ հարցին «Ազգ» թերթի մեկնաբանը ժխտաբար է պատասխանում՝ պարզաբանելով.- «Որովհետեւ դրան նպաստել են շատ ու շատ հանգամանքներ ու անձեր՝ կաշառակեր պաշտոնյայից մինչեւ անօրեն իրավապահ, այդպիսով հասարակ մարդուն հիասթափեցնելով երկրից, հայրենիքից, պետությունից»։ Այդուհանդերձ, ըստ մեկնաբանի.- «Անկախ հայրենի իշխանավորների, իրավապահ մարմինների՝ մարդկանց հետ իրենց պատկերով եւ նմանությամբ վարվելու գործելակերպից՝ մենք չպետք է խռովենք պետությունից, նեղանանք հայրենիքից ու պետությունից»։

«Ժամանակ-Երեւան» թերթը եւս արձանագրելով, թե անկախությունը 16 տարի անց էլ յուրաքանչյուր քաղաքացու գերագույն արժեքը չի դարձել, նկատում է.- «Այսօրվա Հայաստանում քաղաքացին նույնքան կաշկանդված է ու անազատ է, որքան խորհրդային պատժիչ մեքենայի տարիներին։ Անիմաստ է խոսել կյանքի որակի մասին մի երկրում, որտեղ թշվառության ճիրաններում հայտնված բնակչության մեծամասնությունը պատանդի կարգավիճակ ունի կիսաքրեածին իշխանությունների ու ամենազոր օլիգարխիայի մոտ։ «Մարդու անվտանգության մասին անտեղի է խոսել մի երկրում, որտեղ գլխավոր «արժեք» են անիրավ ոստիկանն ու սանձարձակ սափրագլուխը»,- շեշտում է մեկնաբանը։

«Հայոց աշխարհ» թերթը, իր հերթին, Անկախության հռչակագրի ընդունման տարելիցը գնահատելով ղարաբաղյան խնդրի կարգավորման պրիզմայով, շեշտադրում է.- «Եթե Ադրբեջանը շարունակի համառել իր տարածքային ամբողջականությունը վերահաստատելու համար ՄԱԿ-ին ուղղվող պահանջների մեջ, ապա Հայաստանը, հիմնվելով 1990 թվականի օգոստոսի 23-ի իր Անկախության հռչակագրի՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համատեղ անկախացման մասին վկայող իրավական ակտի եւ մինչեւ ԽՍՀՄ փլուզումն այդ մտադրության իրականացման առաջին քայլի՝ ԽՍՀՄ օրենքի հիման վրա, Ադրբեջանի կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու ակնհայտ իրավական փաստի՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրի ու նրան հետեւած հանրաքվեի վրա, կարող է դիմակայել ՄԱԿ-ին իբրեւ իր դիվանագիտության գործիք օգտագործելու ցանկացած փորձ»։

Աղդամի մերձակայքում հայ գիտնականների կողմից Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտ քաղաքի հայտնաբերումը սոսկ գիտական հետաքրքրության առարկա որակելով, «Հայկական ժամանակ»-ի խմբագրականը առանձնացնում է.- «Հայաստանում շատերին թվում է, թե պրոբլեմը աշխարհին բացատրելն է, որ Ղարաբաղը կամ ազատագրված տարածքները հայերով են բնակեցված եղել։ Աշխարհում գուցե թե շատշատերը սա հասկանում են, բայց դա չի կարող փաստարկ դառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար, այնպես, ինչպես մեր բոլորիս սիրած Սեւրի պայմանագիրը չի կարող այսօր հետեւանքներ ունենալ»,- ընդգծում է մեկնաբանն ու բխեցնում.- «Ի վերջո պրոբլեմն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ թե պատմական կամ պատմագիտական խնդիր է, այլ քաղաքական, աշխարհաքաղաքական, եւ այն պետք է լուծվի գործող աշխարհակարգի կանոններով։ Եւ ուրեմն՝ տվյալ իրավիճակում մեր խնդիրը եղած կանոններին համահունչ դիրքորոշում ունենալն է, այլապես մենք Ստեփանակերտին կարժանացնենք Տիգրանակերտի ճակատագրին»,- եզրակացրել է մեկնաբանը։

Ազգային ժողովի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում քաղաքական դաշտի ներկա զարգացումները գնահատելով, շեշտում է.- « Տարբեր կուսակցությունների խոշորացումը կամ նոր կազմակերպությունների ի հայտ գալը ասպարեզում հետեւանք են նրա, որ քաղաքական դաշտում գոյացել է որոշակի ազատ տարածություն, որը եւ տարբեր կազմակերպություններ փորձում են «լցնել»։ Դա, ցավոք, ավանդույթներ, գաղափարախոսություն եւ անցյալ ունեցող քաղաքական կուսակցությունների վերջին տարիներին դրսեւորած պասիվության հետեւանք է։ Իսկ սուրբ տեղը, ինչպես ասում են, դատարկ չի մնում»,- ընդգծում է Ռուստամյանը։

Իր հերթին, ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հնարավոր միավորումների ու դաշինքների վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելով, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը «Առավոտ»-ում գնահատում է.- «Զուտ դիտարկման, հայեցողական մակարդակում կարող եմ ասել, որ այդ համախմբման մի քանի կենտրոններում հավաքվում են ոչ թե գաղափարապես մերձ ուժեր, այլ ավելի շուտ՝ մարդկային, հոգեբանական առումով միմյանց հետ համատեղելի անձնավորություններ։ «Սա եւս մեկ ապացույց է, որ ձեւավորվող այս ժողովրդավարական օջախները, «օազիսները» ոչ այնքան քաղաքական են, ուղղակի ընդդեմ վարչակարգի։ Դրանց բոլորի նպատակը Հայաստանում իրավիճակը փոխելն է»,- ընդգծել է խորհրդարանի նախկին փոխխոսնակը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG