Մատչելիության հղումներ

Կովկասի ամենագեղեցիկ աղջկա անունը կպարզվի սեպտեմբերի 2-ին


Թե ինչպիսին կլինի այս տարվա «Միսս Կովկաս»-ը՝ թխահեր, թե շիկահեր, կապուտաչյա, թե սեւաչ, կպարզվի միայն սեպտեմբերի 2-ին, երբ Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հավաքվեն կովկասյան երկրների շուրջ 20 գեղեցկուհիներ:

Մրցույթին առաջին անգամ մասնակցելու է չեչեն գեղեցկուհին: Արման Անտոնյանի խոսքերով՝ հատուկ այս մրցույթին մասնակցելու համար այնտեղ՝ Չեչնիայում կազմակերպվել է ընտրական փուլ: «Չնայած մահմեդական երկրներում, այդ թվում եւ Չեչնիայում, գեղեցկության մրցույթները չեն ողջունվում, մեր առաջարկը նրանք չմերժեցին, քանի որ մրցույթը անցնում է «Խաղաղություն Կովկասում» կարգախոսի ներքո»,- ասում է Արման Անտոնյանը:

Մրցույթին չի մասնակցի Ադրբեջանի գեղեցկուհին: Արման Անտոնյանի խոսքերով՝ ադրբեջանցիները մերժել են մասնակցության առաջարկը, քանի որ մրցույթի մի մասը՝ նախապատրաստական փուլը անցնելու է Արցախում:

Որպես Հայաստանի մասնակից ընտրվել է նախորդ տարվա Միսս ուսանողուհին՝ Մարինա Վարդանյանը: Նա 22 տարեկան է եւ, իր կազմվածքով, մոտենում է հանրահայտ 90-֊60-֊90 ստանդարտին: Մարինայի հասակը 175 սանտիմետր է, իսկ համամասնությունը՝ 85-֊60֊90: Ինքը՝ Մարինան կարծում է, որ կազմվածքն ու գեղեցիկ դիմագծերը բավական չեն գեղեցկուհու տիտղոսին արժանանալու համար:

«Հաղթանակի համար կարեւոր է ինքնավստահությունը. դա պետք է երեւա մասնակցի աչքերում, նրա հայացքի մեջ: Չգիտեմ՝ ես կհաղթեմ, թե ոչ. դա ինձ համար այնքան էլ կարեւոր չէ, ես մասնակցում եմ, որպեսզի ծանոթանամ այլ երկրների մասնակիցների հետ, ծանոթանամ նրանց մշակույթին, լավ ժամանակ անցկացնեմ: Այնուամենայնիվ ամեն հնարավոր ջանք կներդնեմ հաղթանակի համար: Ես նույնիսկ «գաղտնի զենք» ունեմ՝ դա իմ ժպիտն է, որով էլ պատրաստվում եմ գրավել հանձնաժողովի անդամների սիրտը»:

Գեղեցկուհիները մրցութի ընթացքում ներկայանալու են լողազգեստներով, երեկոյան զգեստներով եւ տարազով, ներկայացնելու են իրենց երկրի մշակույթն ու իրենց տաղանդը: Նրանք նաեւ հակիրճ ելույթ պետք է ունենան «Խաղաղությունը Կովկասում» թեմայով: Արման Անտոնյանն ասում է, որ «Միսս Կովկաս»-ը պիտի ոչ միայն գեղեցիկ լինի, այլեւ կարողանա գեղեցիկ արտահայտել իր մտքերը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG