Մատչելիության հղումներ

Արշակ Սադոյանը համոզված է, որ ազատ եւ արդար ընտրությունների համար անհրաժեշտ է 2,5 միլիոն դոլար


Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է ընդամենը 2,5 միլիոն դոլար: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» (ԱԺԴ) կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

Հիշյալ գումարի շրջանակում ազատ ընտրությունների ապահովման համար կուսակցությունը համալիր ծրագիր է մշակել, որը, ինչպես հայտնեց Սադոյանը, ներկայացվել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի եւ միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID), ուշադրությանը, որոնք, ընդհանուր առմամբ, ողջունել են այն: Իսկ առաջինը հենց ԱՄՆ-ի դեսպանին է ներկայացվել, քանի որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել ԱՄՆ-ի կողմից ընտրությունների համար Հայաստանին հատկացվելիք 6,5 միլիոն դոլարի շրջանակում:

Ծրագրով առաջարկվում է ընտրությունների ընթացքում քվեարկության ու արդյունքների էլեկտրոնային վերահսկողության եւ արտերկրում քվեաթերթիկների տպագրության ապահովում, վստահված անձանց եւ տեղական դիտորդների, ընտրական հանձնաժողովների անդամության մոտ 25 հազար թեկնածուների համար ուսուցման ապահովում, քարոզչության նպատակով ամենօրյա հեռուստա- եւ ռադիոհաղորդումների պատրաստում, եւ, վերջապես, ազգաբնակչության հետ հանդիպումների անցկացում՝ միջազգային ճանաչում ստացած օտարերկրյա գործիչների մասնակցությամբ: Արշակ Սադոյանը համոզմունք հայտնեց, որ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների ուսուցման՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծրագիրն իրականացվել է բացառապես իշխանության թեկնածուների համար, իսկ ընդդիմության շատ ներկայացուցիչներ դրանից օգտվելու հնարավորություն չեն ունեցել:

Ընդդիմադիր գործիչը վստահ է, որ Հայաստանի իշխանությունների համար իր ծրագիրը զսպող հանգամանք կհանդիսանա, որպեսզի հանրահավաքի մասնակիցներին տասնյակներով չկալանավորեն: Ծրագիրը մերժելու դեպքում Ազգային ժողովրդավարների դաշինքը մտադիր է դիմել միջազգային հանրությանը:

Սադոյանը նշեց նաեւ, որ ծրագիրը վերջնական չէ եւ ավարտուն տեսք կստանա սեպտեմբերին՝ տարբեր քաղաքական ուժերից ստացված առաջարկները ամփոփելուց հետո:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG