Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր բոլոր կուսակցություններն այսօր ակտիվորեն աշխատում են մարզերում, գյուղական համայնքներում, ճշտում իրենց անդամների եւ հատկապես «մարտունակ» անդամների թիվը, մի խոսքով, պատրաստվում են «զորահավաքի»: Այս մասին հայտարարեց «Արդարություն» դաշինքի անդամ, «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը երեքշաբթի օրը «Փաստարկ» ակումբում կայացած հանդիպմանը:

Ըստ Խաչատրյանի, թեեւ ընդդիմադիր կուսակցությունները պայքարի հատուկ ծրագիր դեռեւս չունեն կամ գուցե այդ մասին դեռեւս չեն ցանկանում բարձրաձայնել, ամեն դեպքում, նախնական երկու սցենար է նախանշվում՝ երկրում իրավիճակի փոփոխություն մինչեւ ընտրությունները, ինչը, թերեւս, նշանակում է հեղափոխություն իրականացնել, հետո մասնակցել ընտրություններին, եւ, առաջինի չստացվելու դեպքում, այդ փոփոխությունների իրականացումը 2007 թվականի ընտրությունների ընթացքում:

Հերթական ընտրությունները, Հրանտ Խաչատրյանի ձեւակերպմամբ, անցնելու են «պատերազմական իրավիճակում», եւ հաշվի առնելով այս հանգամանքը՝ ընդդիմադիր կուսակցություններն իրենց շարքերը «մարտունակ» վիճակի են բերում:

«Մարտունակ» բառը նա օգտագործում է ընդդիմադիր կուսակցությունների այն անդամների վերաբերյալ, ովքեր պետք է ընդգրկվեն ընտրական հանձնաժողովներում: «Նախորդ փորձից ելնելով՝ նրանք պետք է տիրապետեն նաեւ գլադիատորի որոշ հատկանիշների, որպեսզի կարողանան դիմադրել: Մենք նախահարձակ լինելու մտադրություն չունենք, ես զինված պայքարի կոչ չեմ անում, բայց մարդիկ պետք է մարտունակ լինեն, որպեսզի զինված կրիմինալին կարողանան դիմագրավել դատարկ ձեռքերով»,- ընդգծեց Հրանտ Խաչատրյանը՝ ավելացնելով, որ խոսքը նաեւ ֆիզիկական մարտունակության մասին է:

ՍԻՄ-ի նախագահն ավելի նպատակահարմար է համարում, որպեսզի ընդդիմությունը ընտրությունների վերահսկողության հարցում հանդես գա միասնական ճակատով, բայց ընտրություններին մասնակցի մի քանի նախընտրական դաշինքներով:

Հրանտ Խաչատրյանը նաեւ հայտարարեց, թե կրիմինալի դեմ պայքարելուց բացի, իրենք փորձելու են անհատապես աշխատել տարբեր ուժերում եւ ճամբարներում գտնվող ազդեցիկ մարդկանց հետ, ասենք՝ վարչապետի, գլխավոր դատախազի, նաեւ հանրապետության նախագահի հետ, որովհետեւ նրանցից է կախված ժողովրդի բախտը: Երկրի ղեկավարների հետ անհատապես աշխատելը, ըստ ՍԻՄ-ի նախագահի, նշանակում է ազդել նրանց խղճի եւ մտքի վրա՝ փորձելով նրանց հետ պահել իշխանությունը ամեն գնով պահպանելու մոլուցքից:

Միաժամանակ, ըստ ՍԻՄ-ի նախագահի, իշխանության վերարտադրությունը մեծապես կախված է լինելու ոչ թե ներքին ջանքերից, այլ արտաքին աշխարհի տրամադրվածությունից:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG