Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Մկրտչյանը դրական է գնահատում ընդունելության քննությունները


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը այսօր կայացած ասուլիսում բուհական ընդունելության քննաշրջանը եւ առարկայական հանձնաժողովների աշխատանքը գնահատեց դրական:

Համաձայնելով, որ բողոքներ եղել են, հատկապես՝ բանավոր քննություններից, երբեմն՝ արդարացի, նախարարն ընդգծեց, որ «բանավոր քննությունների սուբյեկտիվ դրսեւորումների դեմ պայքարել երբեւէ ոչ ոքի չի հաջողվել»:

Համենայն դեպս, քննաշրջանի ավարտին Լեւոն Մկրտչյանը վստահ է, որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում հանձնաժողովների կողմից չի եղել: «Չեմ կարծում, որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում եղել է, գուցե ցածր են գնահատել, բայց դա բոլոր դիմորդներին է առնչվել»,- նշեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ ինչպես եւ սպասվում էր, մի շարք առարկաներից ցածր գնահատման պատճառով գրեթե բոլոր ֆակուլտետներում մրցույթի անցողիկ միավորն իջել է, բացառությամբ դիվանագիտական, իրավաբանական եւ անգլերենի մասնագիտությունների. այստեղ պարզապես դիմորդների թիվն էր ավելի շատ: «Իրենց երեխաներին բարձր վճարներով ուղարկելով տնտեսագիտություն, միջազգային դիվանագիտություն, իրավագիտություն՝ մարդիկ փաստորեն նրանց դատապարտում են ապագա գործազրկության»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ դրա փոխարեն աշխատաշուկայում շատ հեռանկարային մասնագիտության՝ էներգետիկայի ֆակուլտետներում երկու 8-ով կամ՝ 8-9-ով ընդունվում են:

Բուհական ընդունելության մրցույթի արդյունքներն ամփոփվում են, եւ հավանաբար վաղը երեկոյան արդեն պարզ կլինի, թե ովքեր են ընդունվել:

Նախնական տվյալներով, որոնք առաջիկայում, հնարավոր է, չնչին ճշգրտումների ենթարկվեն, Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետում անվճարի անցողիկ միավորը, հավանաբար, կլինի 57,5-ը, վճարովիինը՝ 55-ը, ռոմանո-գերմանական ֆակուլտետի անգլերեն բաժնում պետպատվեր կանցնեն 58 միավորով, տնտեսագիտության ֆակուլտետում՝ 57,5-ով, պատմական ֆակուլտետում՝ 55-ով: Տնտեսագիտական համալսարանի ամենաբարձր մրցութային՝ «Համաշխարհային տնտեսագիտություն» ֆակուլտետում, նախնական տվյալներով, պետպատվերի անցողիկ ամենաբարձր միավորը 55-ն է: Իսկ Բժշկական համալսարանի «Բուժական գործ» ֆակուլտետի անվճար համակարգ դիմորդները կանցնեն ամենաբարձրը 36.5 միավորով:

Այս տարի ընդունելության մրցույթը առաջիկա երկու օրերին պետք է լրիվ ավարտվի: Եթե նախկինում առանց տարկետման իրավունքի տեղերը բաշխվում էին մինչեւ սեպտեմբերի վերջը, ապա այժմ մոտեցումը փոխված է, եւ այդ տեղերի մրցույթը անցկացվում է հիմա: Ցուցակները կփակցվեն մինչեւ օգոստոսի 24-ը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG