Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չնայած ընդդիմության ներկա գործիչները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, թե ընդդիմությունը Հայաստանում «կոնսոլիդացվում է» եւ հեսա-հեսա ժողովրդական «հզոր ալիք» կբարձրացնի, այդ համախմբման նշաններն առայժմ չկան», արձանագրում է «Առավոտ»-ի խմբագրականն ու ուրվագծում ապագա խորհրդարանական ընտրությունների պատկերը.- «Ակնհայտ է, որ բռնություններ, լցոնումներ եւ այլ տհաճ բաներ ընտրությունների ժամանակ չեն լինի։ Պարզապես կհայտարարվեն «անհրաժեշտ» թվերը, եւ հարցը կփակվի։ Ինչպես եղավ սահմանադրական հանրաքվեի ժամանակ»։

«Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում, չբացառելով ընդդիմադիր լիբերալների քաղաքական դաշինքի ձեւավորման հնարավորությունը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը նույնքան հավանական է համարում ապագա խորհրդանական ընտրությունները բոյկոտելու տարբերակը.- «Մանավանդ, եթե տեսնենք, որ ազատ ընտրություն անցկացնելու ոչ մի իրական նախապայման չկա»,- ասում է Մանուկյանն ու հավելում.- «Անկախ դրանից, քաղաքական շարժումը կշարունակի ծավալվել եւ կփորձի լուծել հռչակված խնդիրները»։

«Իրավունք»-ի խմբագրականը, վերլուծելով հուլիսի 22-ի համագումարից հետո Հանրապետական կուսակցության ընտրացուցակի շուրջ ծայր առած խմորումները, գրում է.- «ՀՀԿ համամասնական ցուցակի «անցողիկ» մասում հայտնվել են բազում այնպիսի անհատներ, ովքեր կուսակցական տոմս են ստացել ընդամենը մեկ ամիս առաջ, բայց փոխարենը ունեն փող եւ այլ լծակներ»։ Վերլուծաբանի հայացքով.- «Այդ դեպքում, թերեւս, կարող է ընդհանրապես տեղ չմնալ այն հանրապետականների համար, ովքեր սպառազինված չեն փողի մեծ տոպրակներով կամ կասկածելի ծագում ունեցող վարչական կամ ուժային լծակներով, ու ՀՀԿ-ի ներսում կարող է տեղի ունենալ բառիս բուն իմաստով պայթյուն»,- փոխանցում է մեկնաբանն ու փաստում.- «ՀՀԿ-ն խլեցին հանրապետականների ձեռքից։ Ու այդ ամենը կարող է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին կանգնեցնել լուրջ երկընտրանքի առաջ, թե ու՞մ հետ է նա. «սուպերնախարարի» բերած վարչական, ֆինանսական ու կիսաքրեական «մարդկային ռեսուրսի՞», թե՞ հին կուսակցականների»։

«Ժամանակ-Երեւան» թերթի տեղեկություններով.- «Տարբեր անձինք, պաշտոնյաներ այս օրերին դիմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խնդրելով իրենց ընդունել օրեցօր «բարգավաճող» կուսակցության շարքերը։ Նրանցից ոմանց համար բավական անսպասելի է լինում մերժումը»։ Ըստ թերթի.- «Մերժում են ստացել անգամ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ ուրիշներ։ Մերժումը մի դեպքում (կախված անձից) բացատրվում է կուսակցությունը նրա անդամակցությամբ չվարկաբեկելու, մեկ այլ դեպքում՝ սեփական անձը կուսակցության անդամակցությամբ չվարկաբեկելու պատճառաբանությամբ»,- գրում է թերթն ու հավելում.- «Մերժման իրական պատճառները, սակայն, այլ են, իսկ վճիռ կայացնողը ոչ թե Ծառուկյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը, որը մեծ եռանդով այս օրերին գծում է ապագա խորհրդարանի քարտեզը եւ որոշում, թե ով՝ որ կուսակցության ցուցակում պետք է ընդգրկվի»,- փոխանցում է թերթը։

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն այսօր կանխատեսելով, թե Վիկտոր Դալլաքյանը կկրկնի Արթուր Բաղդասարյանի ճակատագիրը, գրում է.- «Դալլաքյանը, չգիտես ինչու, որոշել է, որ քննադատությանը իշխանությունը կպատասխանի նրա քաղաքական ապագայի նկատմամբ ջերմ հոգածությամբ։ Այլ խոսքերով, նա որոշել է, որ նախագահը եւ պաշտպանության նախարարը այնպիսի աննկարագրելի հիացմունքի մեջ են ընկել իրենց հասցեին Դալլաքյանի հնչեցրած մակդիրներից, որ որոշել են նրան հաճելին անել»,- գրում է մեկնաբանն ու գնահատում.- «Քաղաքական գործիչը նման իրավիճակում կկռահեր, որ փոխադրվելու առաջարկը պետք է ընկալել ոչ թե իբրեւ խրախուսում, այլ իբրեւ պատիժ»։ Մեկնաբանի հայացքով.- «Դալլաքյանի նկատմամբ հաշվեհարդար տեսան՝ Ծառուկյանի շուրթերով նրան նախապես ներշնչելով, թե առանց նրա քաղաքական տաղանդի չի հաջողվի կայացնել «Բարգավաճ Հայաստան»-ը։ Դալլաքյանն էլ հավատաց։ Ոչ թե այն պատճառով, որ հիմար է։ Այլ այն պատճառով, որ չափից դուրս ինքնավստահ է եւ ի դժբախտություն իրեն գիտի, որ «Նապոլեոնն էլ գավառից էր»,- զուգահեռում է մեկնաբանը։

«Ովքե՞ր են աղքատ Հայաստանի միլիարդատերերը»՝ հարցին ի պատասխան, հղում անելով Գլխավոր դատախազության իր իրազեկ աղբյուրին, «Իրավունք»-ը փոխանցում է.- «Շուտով շրջանառության մեջ կդրվի հայ միլիարդատերերի եւ միլիոնատերերի, իհարկե, դոլարային մի ցուցակ, որն ինչքան էլ հանրահայտ «Ֆորբս» հանդեսի կազմածը չէ, այնուամենայնիվ, դասվում է նման ցուցակների շարքին»։ Ըստ թերթի.- «Մեծահարուստների ցուցակի «առաջին հնգյակում են՝ Ռոբերտ Քոչարյան՝ մեկ միլիարդ դոլարից ավելի, Սերժ Սարգսյան՝ 1 միլիարդից ավելի, Միխայիլ Բաղդասարով՝ շուրջ մեկ միլիարդ, Գագիկ Ծառուկյան՝ 1 միլիարդ, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի կապիտալները տատանվում են կեսից մեկ միլիարդ դոլարի սահմաններում։ Իսկ միլիոնատերերի թիվը հասնում է շուրջ 100-ի»,- գրում է թերթը։

«Հայկական ժամանակ»-ը գրում է, թե Հայաստանում աշխատող օտարերկրյա դեսպաններից մեկը վերջերս Հայաստանի ղեկավարությանն է փոխնացել մի աուդիոձայնագրություն, որում Հայաստանի գործող նախարարներից մեկը 3 միլիոն դոլար կաշառք է պահանջում տվյալ երկրի քաղաքացի գործարարից։ Ըստ թերթի.- «Հայաստանի ղեկավարությունը դեսպանին խոստացել է ընթացք տալ գործին, բայց երեք շաբաթ անց ասել է, թե ձայնագրությունը հավատ չի ներշնչում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG