Մատչելիության հղումներ

26 ասպիրանտներ մեկ տարվա գիտական աշխատանքների համար 5-հազարական դոլար կստանան


Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը վերջերս ավարտել է ասպիրանտների համար նախատեսված առաջին մրցույթը: Ստացված 57 հայտերից փորձագետների խմբի միջոցով ընտրվել են 26-ը, որոնք ներկայացրած ասպիրանտները ստանալու են 5-հազարական դոլար աջակցություն՝ մեկ տարվա համար:

Ինչպես այսօր հայտնեց GRSP ծրագրի ղեկավար Նատալյա Ալթունյանը, տվյալ գումարից 2 հազարը կհատկացվի ասպիրանտի կրթաթոշակին, մնացածը՝ անհրաժեշտ սարքերին, գիտաժողովներին մասնակցությանը եւ գիտական աշխատանքների համար անհրաժեշտ այլ ծախսերի:

Հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը հայտնեց, որ մրցույթում հաղթել են բնական, ճշգրիտ եւ տեխնիկական գիտությունների բնագավառների ներկայացուցիչները: «Հումանիտարը աշխարհում գիտություն չի համարվում, իսկ մեր հիմնադրամում գումարների մանդատը տարածվում է միայն իսկական, մաքուր, հիմնարար գիտության վրա, որի մեջ մտնում են բնական, ճշգրիտ եւ տեխնիկական գիտությունները»,- պարզաբանեց նա:

Մրցույթում հաղթած ասպիրանտները հաջորդ տարի կներկայացնեն իրենց գիտական ուսումնասիրությունները եւ կրկին անկախ փորձագետների դրական եզրակացությունների հիման վրա կարող են շարունակել աշխատանքը:

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը Հայաստանում գործում է արդեն 10 տարի եւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի եւ այլ հովանավորների շնորհիվ, անկախ փորձագիտական եզրակացությունների հիման վրա, յուրաքանչյուր տարի մրցութային կարգով ֆինանսավորում է տարբեր գիտական ծրագրեր, որտեղ կարեւորվում է հատկապես երիտասարդ գիտնականների մասնակցությունը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG