Մատչելիության հղումներ

Ավանդների փոխհատուցման գործընթացը կսկսվի օգոստոսի վերջին


Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հաստատեց, որ օգոստոսի վերջին, ինչպես եւ նախատեսված էր, սկսվելու է խորհրդային տարիներին «Խնայբանկ»-ում ավանդադրված գումարների փոխհատուցման գործընթացը, ըստ նախապես հաստատված կարգի:

Արդեն իսկ նախարարության կայքէջում զետեղված է հաշվառված 62 հազար նպաստառու ավանդատուների ցուցակը: Ընդհանուր առմամբ, շահառուները ներկայացրել են 138 հազար ավանդային գրքույկ: Սակայն Աստղիկ Մինասյանը շեշտեց նաեւ, որ անսպասելիորեն մեծ թիվ են կազմում փաստական խեղաթյուրումներն ու տվյալների անճշտությունները:

Կուտակված տեղեկատվությունը համապատասխանեցվել է երեք աղբյուրով՝ քաղաքացիների ներկայացրած տվյալները՝ ըստ իրենց ավանդային գրքույկների, «Հայխնայբանկ»-ի արխիվները, 2001 թվականին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պատվերով կատարված գույքագրումը՝ նույնպես «Հայխնայբանկ»-ի բազայի վրա: Այժմ, երբ աշխատանքի հիմնական մասը կատարված է, պարզվել է, որ հազարների է հասնում երեք աղբյուրներում չհամընկնող տվյալների թիվը: Այդպիսի դեպքերը ճանաչվում են վիճահարույց:

«Համեմատության արդյունքում եթե կա հաշվի համարը, կան տվյալ քաղաքացու տվյալները, եւ դրանք համընկնում են, ապա ամբողջ գումարը ենթակա է փոխհատուցման: Եթե կան տարբերություններ, ապա ընտրվում է նվազագույնը, եւ հաշվի համարի վրա եղած գումարի տարբերությունը՝ որպես վիճահարույց, գնալու է հետագա ճշգրտման»,- նշեց Աստղիկ Մինասյանը:

Խնդրով զբաղվող կառույցներն այս պահին հիշյալ տարբերությունները բացատրել չեն կարողանում: Աստղիկ Մինասյանը հնարավոր համարեց տեխնիկական սխալները, սակայն չբացառեց նաեւ, որ դրանք կարող են լինել միտումնավոր:

Նա վստահեցրեց, որ օգոստոսի վերջերին վճարումները նրանց համար, ում տվյալները հստակ են, սկսվելու են:

Այս տարվա բյուջեում ավանդների փոխհատուցման համար նախատեսված է 1 միլիարդ դրամ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG