Մատչելիության հղումներ

Քաղաքացիները դեռեւս հստակ չեն պատկերացնում, թե ի՞նչ հարցերով կարող են դիմել Սահմանադրական դատարան


Սահմանադրական բարեփոխումներից հետո այս տարվա հուլիսի 1-ից սկսած ընդլայնվել է Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, որում ընդգրկվել են նաեւ քաղաքացիները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Սահմանադրական դատարանում դիմումների ընդունման բաժնի վարիչ Ռոբերտ Չոբանյանը, մինչ օրս ստացված 288 դիմումից միայն 109-ն են գրանցվել եւ ընդունվել: Մերժված դիմումները չեն համապատասխանել Սահմանադրության պահանջներին, այսինքն՝ երկրի քաղաքացիները դեռեւս հստակ չեն պատկերացնում, թե ո՞ր դեպքում եւ ի՞նչ հարցերով կարող են դիմել Սահմանադրական դատարան: Մեծ մասը դեռեւս համոզված է, թե իրենց ոտնահարված սահմանադրական իրավունքը կարող են վերականգնել այս դատարանում, մինչդեռ այստեղ քննության է առնվում օրենքի այն դրույթի սահմանադրականության հարցը, որը կիրառվել է տվյալ քաղաքացու նկատմամբ:

Ըստ Ռոբերտ Չոբանյանի, 109 դիմումից 13-ի ուսումնասիրումը հանձնվել է դատական կազմերին: Ստեղծվել է դատական երկու կազմ, որոնք մեկամսյա ժամկետում ուսումնասիրում են դիմումները, ապա Սահմանադրական դատարանի աշխատանքային նիստում նշանակվում են կոնկրետ դիմումների դատաքննության օրերը: 13 դիմումներից 12-ը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության անհատ քաղաքացիներ, մեկ դիմումի հեղինակը «Բուրգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը տեղեկացրեց, որ արդեն նշանակվել են 6 դիմումներով դատական նիստերի օրերը՝ սեպտեմբերի 12-ից մինչեւ նոյեմբերի 14-ը: Դրանցից մեկը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դիմումն է՝ կապված դատավորների մասին օրենքի համապատասխան հոդվածի հետ: Մյուսները անհատական դիմումներ են, օրինակ, սեպտեմբերի 12-ին քննության է առնվելու դիմում, որում քաղաքացին բողոքում է սահմանված կարգի այն կետի դեմ, որով հանրապետությունում սոցիալական քարտ չունենալու դեպքում թոշակը չի վճարվում: Մի շարք հարցեր ներկայացվել են Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածների կապակցությամբ, հիմնականում՝ սեփականության իրավունքի անձեռնմխելիության:

Սահմանադրության փոփոխությունից հետո Սահմանադրական դատարան առաջին դիմումատուն եղել է «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արտակ Զեյնալյանը: Տարեսկզբին Զեյնալյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հանրապետության նախագահի հրամանագիրը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը լուծարելու եւ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Սակայն դատարանը դիմումը մերժել էր, եւ հիմա Արտակ Զեյնալյանը Սահմանադրական դատարանում վիճարկում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, որը հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանը իր դիմումը մերժելիս: Դիմումը քննության առնելու մասին աշխատակարգային որոշում է ընդունել Սահմանադրական դատարանը ամբողջ կազմով, եւ թեեւ այն առաջինն է եղել, դրա քննությունը նշանակվել է նոյեմբերի 14-ին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG