Մատչելիության հղումներ

Մտավորականների ֆորումը պատրաստվում է տեղեկություններ հրապարակել կրիմինալ ուժերի մասին


Մտավորականների ֆորումը պատրաստվում է սեպտեմբերի առաջին տասնօրյակում տեղեկություններ հրապարակել Հայաստանի կրիմինալ ուժերի մասին, մասնավորապես, թե կոնկրետ որ պաշտոնյան, օլիգարխը, նախարարը կամ Ազգային Ժողովի պատգամավորը որքան հարստություն է կուտակել եւ ինչ ձեւերով, քանի դատվածություն ունի, ինչ հանցագործություններ է կատարել, որտեղից եւ որքանով է կեղծ դիպլոմներ գնել: Այս նախաձեռնության մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ֆորումի անդամ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը:

Ըստ նրա, կրիմինալն այսօր կենտրոնացել է իշխանական չորս բուրգերում՝ «նախագահական՝ նախագահը եւ իր շրջապատը, գործադիր մարմին՝ նախարարներ, վարչապետը եւ իր շրջապատը, դատական համակարգ եւ ուժային կառույցներ»:

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավարի կարծիքով, ժողովրդին պետք է ցույց տալ, որ իշխանությունն այսօր բռնազավթել է կրիմինալը՝ թե’ քաղաքականության, թե’ տնտեսության, կրթության եւ գիտության ոլորտներում, եւ այդ կերպ առաջ բերել մարդկանց ցասումը, նրանց ոտքի հանել ու ազատվել կրիմինալից: «Սակայն այդ ամենը իրականացնելն ու ժողովրդին ոտքի հանելը մեկ կուսակցությամբ, մեկ լիդերով հնարավոր չէ»,- ընդգծեց Գառնիկ Մարգարյանը:

Նախաձեռնությանը միանալու համար Մտավորականների ֆորումը առաջիկայում դիմելու է բոլոր քաղաքական ուժերին: Գառնիկ Մարգարյանի համոզմամբ, այսօր ստեղծված իրավիճակում սա պայքարի ամենաարդյունավետ ճանապարհն է. «Ճանապարհը մեկն է՝ համախմբվել, ազատվել ռեժիմից, ինչից հետո գնալ արդար ընտրությունների: Բայց այսօր մտածել ընտրությունների եւ դրանց արդարության չափանիշի մասին՝ միամտություն է: Թույլ տալ, որ այդ ադմինիստրատիվ ռեսուրսով, որտեղ կրիմինալն է, գնան ընտրությունների՝ նշանակում է իշխանության վերարտադրում»:

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) ղեկավար, ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի անդամ Վազգեն Մանուկյանը, արձագանքելով Մտավորականների ֆորումի նախաձեռնությանը, ասաց, թե ավելի լավ է անել ինչ-որ բան, քան չանել, սակայն չհստակեցրեց, թե կմիանա՞ արդյոք դրան: Նա չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ իր կուսակցությունն ինչ նախաձեռնությամբ է հանդես գալու, նշելով միայն, թե համամիտ է, որ պետք է պայքարել կրիմինալի դեմ:

ԱԺՄ-ի ղեկավարն ընդգծեց, որ քաղաքական ուժերի միավորումը դեռ հարց չի լուծում, քանի որ պետք է նախ միավորվի հասարակությունը, նա այդ գործընթացների մասնակիցը պետք է դառնա: Ի տարբերություն նախորդ տարիների, հասարակությունը, ըստ Վազգեն Մանուկյանի, սկսել է առողջանալ, ինքնավստահություն ձեռք բերել, մարդիկ ավելի համարձակ են դարձել, ինչն արդեն հուսադրող է: Նա կարծիք հայտնեց, որ մոտ ժամանակներս որեւէ բան փոխելու հավանականությունն ավելի մեծ է, քան 3-4 տարի առաջ, քանի որ, նախ, հասարակությունը որոշ չափով հրաժարվել է հին, խորհրդային մտածողությունից, եւ երկրորդ, «առաջացել է մի շերտ, որի բարեկեցությունը կախված չէ պետության կերակրատաշտից օգտվելուց»:

Մտավորականների ֆորումի կազմում կան 400-ից ավելի գիտնականներ, դերասաններ, մշակույթի գործիչներ, որոնց թվում՝ բանաստեղծուհի, ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանը, մաեստրո Օհան Դուրյանը, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, ակադեմիկոս, Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանը եւ մի շարք այլ հայտնի անձինք:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG