Մատչելիության հղումներ

Հանրապետության դպրոցներում խառնաշփոթ եւ անորոշություն է տիրում


Անցումը 12-ամյա կրթական համակարգին եւ «Կրթության մասին» օրենքը դպրոցներից պահանջում են այս տարի կազմավորել երկու տիպի առաջին դասարաններ՝ 5.8-6 եւ վեցուկեսից բարձր երեխաների համար` տարբերակված ծրագրերով եւ դասագրքերով:

Սակայն այսօրվա դրությամբ, եթե երկրորդ տիպի առաջին դասարանների դեպքում խնդիր չկա, ապա փոքրերի համար ոչինչ չի արվել: Այդպես էլ պետական մակարդակով չլուծվեց նրանց անհրաժեշտ գույքի խնդիրը: Ու թեեւ բժիշկներն եւ հենց կրթության ոլորտի պաշտոնյաներն էին ի սկզբանե հայտարարում, որ փոքրերին անհրաժեշտ են հատուկ գույք, հատուկ սենյակներ, հատուկ ռեժիմ, որպեսզի դպրոցական ուսուցումը չանդրադառնա առողջության վրա, սակայն որեւէ համակարգված լուծում խնդիրը չստացավ:

«Տագնապի մեջ ենք, չունենք գույք, չունենք նստարաններ, չունենք հանգստի սենյակ»,- մտահոգված է Երեւանի թիվ 76 դպրոցի տնօրեն Սվետլանա Փիլոսյանը,- «Չոր նստարաններ են ՝ 53 թվականի, ո՞նց են երեխաները նստելու»:

6 տարեկանից փոքրերի համար դպրոցներում համապատասխան պայմանների ապահովման խնդիրը քննարկվում է արդեն երկու տարուց ավելի: Դեռ 2004-ի մարտին, երբ 12-ամյա կրթակարգի նախագիծը մասնագիտական քննարկման էր դրված, մի շարք մասնագետներ, այդ թվում՝ Երեւանի պետական համալսարանի մանկավարժներն ու հոգեբանները, դպրոցի ներկա վիճակի պայմաններում անընդունելի համարեցին նախադպրոցական տարիքի երեխաներին դպրոց բերելը:

Այդ ժամանակ կրթակարգի հեղինակները եւ հենց կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը խոստացան, որ մինչ այս ռեֆորմը կյանքի կոչելը դպրոցներում եւ նախակրթարաններում կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Ընդ որում հենց այդ ժամանակ կրթակարգի այս դրույթը լրջորեն քննադատում էր նաեւ կրթության ներկա նախարար Լեւոն Մկրտչյանը, այն համարելով անընդունելի: Սակայն նա եւ ոլորտի մյուս պատասխանատուները այսօր պնդում են, որ այս երեխաների համար հատուկ պայմաններ բոլորովին էլ անհրաժեշտ չեն, ընդամենը նորմալ դասարաններ են անհրաժեշտ, ինչը պարտավոր են հոգալ դպրոցները:

Բայց եթե Երեւանի կենտրոնի «էլիտար» դպրոցներից մի քանիսն ունեն փոքրերի համար առանձին մասնաշենք, եւ աշակերտների ծնողներն էլ կարողացել են հոգալ դասասենյակի կահավորման՝ 1000-2000 դոլարի ծախսը, ապա մյուս դպրոցները լուրջ խնդրի առջեւ են կանգնած:

Այս տարի դպրոց հաճախող վեց տարեկան երեխաների թիվը հասնում է 16-17 հազարի:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG