Մատչելիության հղումներ

Երեւանի «փոքր կենտրոնում» սպառված են ազատ տարածքները


Երեւանի գլխավոր հատակագծի իրացման աշխատանքներում քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը մեծապես կարեւորում է Կենտրոն համայնքի գոտեւորման նախագծի իրականացումը:

«Գոտեւորման նախագիծը գլխավոր նախագծին հաջորդող փաստաթուղթն է եւ պետք է պատասխան տա քաղաքաշինական կարեւորագույն հարցերի, այդ թվում՝ կառուցապատման խտություն, կանաչ տարածքների տեղադրում, հարկայնության ճշտում»,- նշեց Դանիելյանը այսօր կայացած ասուլիսում:

Ծրագրի իրականացմանը զուգահեռ, մտորելու տեղիք է տալիս այն, որ միջազգային տարբեր կառույցներ ցանկանում են իրենց ներկայացուցչությունների գրասենյակներն ունենալ այդ տարածքում: Սակայն քաղաքի այսպես կոչված «փոքր կենտրոնում», ինչպես տեղեկացնում է քաղաքի գլխավոր ճարտարապետը, հնարավոր չէ իրականացնել քաղաքաշինական շատ գործառույթներ, քանի որ այնտեղ սպառված են ազատ տարածքները: «Այս տեսակետից, «փոքր կենտրոնը» բարդությունների առաջ կարող է կանգնել այս բնագավառում: Գոտեւորման նախագծի մշակման հիմքում մենք դիտարկում ենք նաեւ այդ ֆունկցիաները Կենտրոն համայնքի տարածքում որեւէ տեղում տեսնելու հնարավորությունը»,- հայտարարեց Սամվել Դանիելյանը:

Նախագծային աշխատանքների համար հայտարարված գրեթե բոլոր մրցույթները, բացառությամբ մեկի, կայացել են: Հայտեր չեն ներկայացվել մայրաքաղաքի արտաքին ձեւավորման համար հայտարարված մրցույթում: Եթե հաջորդ անգամ եւս մրցույթը չկայանա, գլխավոր ճարտարապետը հնարավոր է համարում մեկ աղբյուրից գնումների միջոցով պատվեր իջեցնելու տարբերակը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG