Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 19-ը օգոստոսի)

«Հայկական ժամանակ»-ն պնդելով, թե այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու իսկական ժամանակն է, վերապահում է.- «Շատ շատերը համոզված են, որ մարդիկ այսօր կլսեն Լեւոն Տեր-Պետրոսյանին ու կհասկանան նրան։ Ու այսօր տարբեր մարդիկ տարբեր առիթներով առաջին նախագահին համոզում են մտնել ակտիվ քաղաքական ասպարեզ, քանի որ ժողովուրդը սպասում է նրա այդ քայլին»: «Սակայն Տեր-Պետրոսյանը չի շտապում արձագանքել այսօրինակ կոչերին, որովհետեւ գիտի, որ ժողովրդի անունից իրավունք ունի խոսել միայն ժողովուրդը: Տեր-Պետրոսյանի առավելությունն այն է, որ նա պրագմատիկ քաղաքական գործիչ է եւ չի կարող հիմնվել անապացույց համոզմունքների վրա», - որակում է մեկնաբանը։

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը շեշտադրում է.- «Ոչ մի նախընտրական դաշինքի օգտին, որի մեջ ներառված կլինի ՀՀՇն, ժողովուրդը չի քվեարկի։ Ազատական գաղափարները երբեք ընտրազանգվածին չեն հրապուրել, առավել եւս, որ մեր երկիր ներթափանցման արշալույսին դրանք ամիջապես դարձան բագրատյանական վաուչերացման հոմանիշներ»։ «Վերջին տասնհինգ տարիներին լիբերալ գաղափարախոսության արմատավորման ոչ մի դրական արդյունք մեր ժողովուրդը չի տեսել, քանի որ այն մարդիկ, ովքեր դրա հետեւորդներ էին, առաջնորդվում էին շարիկովյան՝ ամեն ինչ խլիր ու բաժանիր յուրայինների միջեւ սկզբուքով»,- գրում է մեկնաբանն ու գնահատում.- «Խլեցին ժողովրդից նախկին սոցիալիստական սեփականությունը ու բաժանեցին միմյանց միջեւ»։

Այսօր լրանում է 1991 թվականին ԽՍՀՄ բարձաստիճան պաշտոնյաների կողմից նախաձեռնված հեղաշրջման՝ «պուտչի» 15ամյակը, որին հետահայաց գնահատական տալով, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն արձանագրում է.- «Անկախության 15-ամյակին ենք մոտենում Ռուսաստանի վասալի կարգավիճակով եւ քրեականացված քվազիֆեոդալական հասարակարգով, որում ընտրությունները, խորհրդարանը, տեղական ինքնակառավարումը եւ ժողովրդավարական այլ ատրիբուտները միայն ձեւական բնույթ ունեն, դատական իշխանությունը գործադիրի կցորդն է, իսկ տնտեսական համակարգը ժողովրդավարական կապիտալիզմի մուլյաժն է ընդամենը»։

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ընդգծում է, թե այսօր մեր հասարակության անտարբերության համար մեղավոր է ընդդիմությունը։ «Ընդդիմությունն իր մեղքերն ու չարած գործերը փորձում է բարդել հասարակության վրա, ասելով, թե նա պասիվ է, ամորֆ է, չի պայքարում»։ Այնինչ, ըստ Մարգարյանի.- «Հասարակությունը շատ լավ պատրաստ է ու պատրաստ էր նաեւ 2005 թվականի հանրաքվեի ժամանակ։ Նա լսեց ընդդիմության կոչը՝ բոյկոտել հանրաքվեն, ու բոյկոտեց։ Բայց մենք տեր չկանգնեցինք այդ բոյկոտի արդյունքներին»,- խոստովանում է Մարգարյանը։

«Բնապահպանության նախարարի բանը բուրդ է»՝ վերնագրի ներքո «Ժամանակ-Երեւան» թերթը փոխանցում է.- «Մինչ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը վայելում է հանգիստը չգիտես որ ծովափում կամ ինչու ոչ՝ խաղատներում վատնում է պետական գումարները, գլխավոր դատախազությունը շարունակում է մեղադրանքներ ներկայացնել նրա ենթակայությամբ գործող կառույցներին»։ Ըստ թերթի.- «Այս անգամ դատախազության թիրախն է դարձել «Սեւան» ազգային պարկը։

Իր հերթին «Հայկական ժամանակ»-ը պնդում է, թե Վարդան Այվազյանին պաշտոնանկ անելու հարցում նախագահ Քոչարյանն այս անգամ վճռական է տրամադրված։ Թերթը հիշեցնում է.- «Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին նախագահը բոլորի ներկայությամբ դժգոհել է Այվազյանի աշխատանքից։ Դրանից հետո, սակայն, վարչապետ Մարգարյանը բարեխոսել է Այվազյանի համար, եւ վերջինս պաշտոնանկ չի արվել»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG