Մատչելիության հղումներ

Վիկտոր Դալլաքյան. «Բարգավաճ Հայաստանը ոչ ընդդիմություն է, ոչ էլ իշխանություն»


Վիկտոր Դալլաքյանը, որը վերջերս դիմում է ներկայացրել «Արդարություն» դաշինքից դուրս գալու մասին, «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում վստահեցրեց, որ ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չէ. «Ընդամենը, որպես Ազգային ժողովի պատգամավոր, որը երեք անգամ անընդմեջ ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, ես իրավունք ունեմ տնօրինելու իմ սեփական ճակատագիրը»:

Թեեւ, ինչպես պատգամավորն է նշել, իրեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից որեւէ առաջարկ դեռ չի եղել, այնուամենայնիվ նա չի թաքցնում իր համակրանքը այդ կուսակցության նկատմամբ: Նրա խոսքերով, «Բարգավաճ Հայաստան»-ը ոչ ընդդիմություն է, ոչ էլ իշխանություն կամ իշխանամետ, որովհետեւ «իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով, եւ այդ պարագայում դառնում են կամ իշխանություն, կամ ընդդիմություն», իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը դեռեւս որեւէ ընտրության չի մասնակցել:

«Իմ քաղաքական ընտրությունը կլինի այնպիսին, ինչպիսին պահանջում է ժողովրդի շահը, եւ ես իմ համեստ հնարավորությունները կօգտագործեմ մեր երկիրը բարգավաճ երկիր դարձնելու համար»,- հայտարարեց Դալլաքյանը:

Խոսակցությունների առնչությամբ, թե «Բարգավաճ Հայաստան»-ի իշխանության գալու դեպքում Դալլաքյանին սպասում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, պատգամավորը հայտարարեց. «Կարծում եմ, մեր երկրում յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում: Առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները հնարավորություն են տալիս, որպեսզի համապատասխան քաղաքական գործիչները հայտնվեն իրենց արժանի տեղերում»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG