Մատչելիության հղումներ

Ամերիկացիները նախընտրում են ռեստորանները


«Գելափ» կենտրոնի վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ ամերիկացիները համարում են, թե գործարարության ամենալավ ոլորտը ռեստորանային բիզնեսն է: Հարցվածների 65 տոկոսը այն հավանել է, իսկ բացասաբար է արտահայտվել ընդամենը 9 տոկոսը:

Մինչդեռ, լուրջ արդյունաբերական բնագավառները, օրինակ՝ նավթի, գազի, էլեկտրականության կամ ջրամատակարարման ոլորտները, հայտնվել են վարկանիշային աղյուսակի ստորին տողերում:

Այս ամսվա սկզբին ամերիկացիներին առաջարկել էին գնահատել իրենց վերաբերմունքը 25 բիզնես-բնագավառների նկատմամբ: Եվ պարզվել է, որ մարդիկ գնահատում են ոչ թե այս կամ այլ ոլորտի շահութաբերությունը, այլ դրա տեղն ու ազդեցություը իրենց ամենօրյա կյանքի եւ ընդհանուր տրամադրւթյան վրա:

Նավթի, համապատասխանաբար՝ բենզինի գնի աճը մղել է այդ ոլորտի բիզնեսը վերջին տեղ, թեեւ ակնհայտ է, որ սա գերշահութաբեր ոլորտ է: Դրական բիզնեսներից երկրորդը համակարգչային բիզնեսն է: Առաջին տասնյակում են նաեւ մանրածախ առեւտուրը, գյուղատնտեսությունը, բանկային բնագավառը:

Բացասական զգացմունքներ առաջացնող բիզնես ոլորտներից է կինոարտադրությունը: Էլ ավելի քիչ են սիրում գովազդի ու PR-ի բիզնեսը, դեղագործությունը, առողջապահությունը: Վերջինը հատկապես զարմանալի է, քանի որ բժիշկներն ամենաբարձր վարձատրվող մասնագետներից են:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նախավերջին տեղում հայտնվել է դաշնային կառավարությունը: «Գելափ»-ի մասնագետները գործունեության այս ոլորտը եւս առաջարկել են գնահատել իբրեւ բիզնես բնագավառ, եւ պարզվել է, որ ամերիկացիները չեն սիրում իրենց կառավարությունը:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG