Մատչելիության հղումներ

logo-print

Արա Հովսեփյանը ներկայացվեց «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան»-ի շահառուների խորհրդին


Այսօր «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի հերթական նիստի ժամանակ ներկայացվեց «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հայաստանյան ծրագրի կառավարման պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում ընտրված Արա Հովսեփյանը:

Հավակնորդների թիվն ի սկզբանե եղել է 48, սակայն, ինչպես նշեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը, թեկնածուների կեսից ավելին ընդհանրապես չէին համապատասխանում չափանիշներին: Հարցազրույցների եւ պահանջվող այլ գործընթացների արդյունքում ընտրվել են թեկնածուներից երեքը, որոնց անուններն ուղարկվել են ԱՄՆ՝ հավանության արժանանալու համար: Ի վերջո, ծրագրի կառավարման խորհրդի օգոստոսի 5-ի նիստում, որը նախագահում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, այդ պաշտոնում ընտրվել է Արա Հովսեփյանը:

Արա Հովսեփյանը 32 տարեկան է եւ մինչ նոր պաշտոնում ընտրվելը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի զարգացման գործակալության՝ DFID-ի ներկայացուցչի պաշտոնը:

Դավիթ Ավետիսյանը տեղեկացրեց նաեւ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հայաստանյան ծրագրի կառավարման պետական ոչ առեւտրային կազմակերպությունն արդեն գրանցվել է: Օգոստոսի 5-ին ընտրվել է նաեւ ղեկավար անձնակազմի 6 անդամ, առայժմ թափուր են միայն ֆինանսական տնօրենի եւ գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնները: Փոխնախարարը վստահեցրեց, որ ծրագրից որեւէ շեղում չկա, եւ ամեն ինչ ծրագրվածի սահմաններում է ընթանում: Գրասենյակը կսկսի գործել մոտ մեկ ամսից, եւ մոտ մեկ ամսից էլ կստացվի առաջին գումարը՝ 500 հազար դոլար, որը նախատեսված է գրասենյակի հիմնադրման ծախսերի համար:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ԱՄՆ-֊ի կառավարությունը առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրելու է ավելի քան 235 միլիոն դոլար:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG