Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ներկայացնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա ընթացքի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումը, «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը պատկերում է.- «Արտաքուստ ե'ւ Իլհամ Ալիեւի, ե'ւ նրա ելույթի թեզերը կոնկրետացրած փոխարտգործնախարար Արազ Ազիմովի կողմից հնչեցված «նոր մոտեցումները» փոխզիջման հասնելու որեւէ հնարավորություն չեն թողնում միջնորդներին։ Տպավորություն է ստեղծվում, որ այսօր ոչ թե ԼՂՀ բանակն է կանգնած Աղդամում, այլ ադրբեջանականը՝ Երեւանի մատույցներում»,- գրում է թերթն ու որոշակիացնում. - «Պաշտոնական Բաքուն ցուցադրաբար պահանջում է անգամ վերանայել Մեթյու Բրայզայի ներկայացրած նախորդ առաջարկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը նրա ժողովրդի ազատ կամարտահայտման (հանրաքվեի) միջոցով որոշելու պահանջը, Լաչինի եւ Քելբաջարի շրջանների վերադարձի հարցը ԼՂՀ կարգավիճակի հստակեցման հետ կապելու անհրաժեշտությունը»։

Իր հերթին «168 ժամ» օրաթերթը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար, նախագահի խորհրդական Արման Մելիքյանի տեսակետը առաջիկայում Լեռնային Ղարաբաղում անկախության հանրաքվե անցկացնելու հնարավորության վերաբերյալ.- «Հանրաքվեի մասին խոսակցությունն այսօր պարզապես խոսակցություն է, որովհետեւ չունի որեւէ ձեւակերպված բովանդակություն։ Ադրբեջանն ասում է, որ այդ հանրաքվեն օրինական չէ, քանի որ իրենց երկրում հանրաքվեի կարող է մասնակցել ողջ երկրի բնակչությունը, որպիսիք համարում են նաեւ Ղարաբաղի հայությանը։ Արդեն ճանապարհը փակ է։ Ինչի՞ մասին կարող ենք խոսել»,- եզրակացնում է խորհրդականն ու արձանագրում.- «Ձեռքբերումը մի բանում է. միջազգային հանրությունն, ի վերջո, ընդունելի գտավ Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նրանք էլ պատրաստ են հանրաքվեի միջոցով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դա առաջընթաց քայլ է»։

«Առավոտ» թերթին տված հարցազրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը կանխատեսում է. - «Առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում հենց իշխանությունների նախաձեռնությամբ Հայաստանում պալատական իշխանափոխություն տեղի կունենա՝ կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ»։ Ըստ Գեղամյանի, այդ իշխանափոխության սկիզբը դրվեց հուլիսի 22-ին կայացած ՀՀԿ համագումարով։ «Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանավարման պարագայում Լեռնային Ղարաբաղի հարցը ենթակա չէ լուծման, որովհետեւ դուումվիրատը քաջ գիտակցում է, որ հարցի լուծումը նշանակում է, որ վերջիններս անհապաղ պետք է լքեն Հայաստանի Հանրապետությունը»։ «Պաշտոնին կառչելու եւ ընդդիմությանը կաշկանդելու եզակի հանգամանքն այս տարիների ընթացքում եղել է միայն այն, որ օրըստօրե սպասել ենք Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ու չենք գնացել վճռական գործողությունների»,- շեշտում է Արտաշես Գեղամյանը։

Ռուս-վրացական սահմանի Կազբեկ-Վերին Լարս անցակետի փակման քաղաքական ենթատեքստը մատուցելով, «Ժամանակ-Երեւան» թերթը պնդում է, թե սահմանակետը փակվել է Վրաստանին եւ Հայաստանին պատժելու նպատակով: «Սահմանի փակումը հիմնականում վերաբերվում է Հայաստանին, քանի որ Վրաստանն այդ անցակետից «առանձնապես չի էլ օգտվում»,- նշում է թերթն ու նկատում. «Այս օրերին Սոչիում Քոչարյանը հանդիպումներ է ունենում, մեծմեծ հարցեր քննարկում, եւ հույս կա, որ նա ռիսկ կանի բարձրացնել նաեւ Լարսի անցակետի բացման խնդիրը։ Բայց անցյալի հայռուսական հարաբերությունների մեր դառը փորձից կարելի է ենթադրել, որ դրա դիմաց Պուտինը Քոչարյանից ավելի մեծ բան կպահանջի»,- գրում է մեկնաբանը։

«Ի՞նչ կա Հայաստանում, որ դեռ չի վաճառվել», իր այս հարցադրմանը ամենեւին ոչ սպառիչ պատասխան ակնկալելով, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը նկատում է.- «Մինչ մեզ թվում է, թե Երեւանի քաղաքապետարանը այլեւս չի կարող նորանոր վնասներ հասցնել Երեւանի կանաչ գոտիներին, չինովնիկները, այնուամենայնիվ, գտնում են իրենց միսիան իրականացնելու համար անհրաժեշտ նորանոր տարածքներ»: Մասնավորապես, մեկնաբանը պարզել է, որ «Հաղթանակ»-ի զբոսայգու առնվազն մի մասն արդեն վաճառված է: Որպեսզի այդ տարածքներում հնարավոր լինի շենքեր կառուցել, Լինսի հիմնադրամի փողերով ճանապարհ է կառուցվելու: «Ո՞վ է գնել այդ տարածքը, ի՞նչ պայմաններով՝ հայտնի չէ: Քաղաքի՝ հանրային նշանակություն ունեցող էլ ո՞ր հատվածներն են վաճառվել՝ առայժմ հայտնի չէ: Բայց մի բան հայտնի է հաստատ: Հայաստանը՝ ընդհանրապես, եւ Երեւանը՝ մասնավորապես, հանձնել ենք բոշեքի ու չտեսների տնօրինությանը: Նրանք չեն խորշի ծախել այն ամենը, ինչ երեւում է ու դեռ չի երեւում»,- նշում է մեկնաբանն ու հեգնում.- «Ամենեւին էլ պետք չէ զարմանալ, եթե հանկարծ այսպիսի հայտարարություն հայտնվի՝ «Վաճառվում է ՀՀ պետական սահմանի երկու մետրանոց հատվածը. գերազանց վիճակում, գինը՝ մատչելի»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG