Մատչելիության հղումներ

Ամերիկա ներգաղթողների թիվը տարեցտարի աճում է


Միացյալ Նահանգներում այսօր ապրում է շուրջ 35 միլիոն ներգաղթյալ, այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր 8-րդ բնակիչը ծնունդով ամերիկացի չէ: Այս են վկայում ԱՄՆ-ի Մարդահամարի կենտրոնի վերջին ուսումնասիրության արդյունքները:

Վերջին հինգ տարվա ընթացքում դեպի Միացյալ Նահանգներ ձգտող արտերկրացիների թիվը ավելի քան 15 տոկոսով ավելացել է: Մարդահամարի կենտրոնի համաձայն, ներգաղթյալների համար ամենից հրապուրիչ են Լոս Անջելեսը, Նյու Յորքն ու Սան Խոսեն: Վերջին տվյալներով, այս քաղաքներում մարդկանց մոտ 40 տոկոսը ծնունդով ամերիկացի չէ:

Իսկ «Փյու» հետազոտական կենտրոնի անցկացրած ուսումնասիրությունների համաձայն, ներգաղթյալների հոսքը ԱՄՆ-ի 50 նահանգներից 25-ում նպաստել է աշխատատեղերի ավելացմանն ու տեղում ապրող մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը: Մնացած 25 նահանգներում մասնագետները արձանագրել են ճիշտ հակառակ պատկերը:

«Գելափ» հեղինակավոր կենտրոնը պարզել է ամերիկացիների վերաբերմունքը ներգաղթող օտարերկրացիների նկատմամբ: Օգոստոսի սկզբին անցկացված հարցումների համաձայն, ամերիկացիների 41 տոկոսը վստահ է, որ անհրաժեշտ է պահպանել ներգաղթի ներկայիս տեմպերը, 17 տոկոսը կարծում է, որ անհրաժեշտ է էլ ավելի հյուրընկալ վերաբերմունք ցուցաբերել եւ խթանել այլազգիների ներհոսքը, մինչդեռ 29 տոկոսը պնդում է, որ ԱՄՆ-ը պետք է խստացնի օրենքներն ու սահմանափակի արտասահմանցիների մուտքը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG