Մատչելիության հղումներ

Աճում են թե զբոսաշրջիկների հոսքը, թե հյուրանոցների գները


Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում նկատվել է ազգությամբ ոչ հայ զբոսաշրջիկների թվի աճ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Զբոսաշրջության հայկական գործակալության մարքեթինգի գծով տնօրեն Սյուզաննա Ազոյանը: Նա նշեց, որ այդ միտումը տարեցտարի զարգանում է, եւ զբոսաշրջության կայուն աճը շարունակվում է՝ տարեկան 20-25 տոկոս:

Սյուզաննա Ազոյանի կանխատեսմամբ, այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելի է մեծանալու, եւ սպասվում է մոտավորապես 21-25 տոկոս աճ: «Մենք զբոսաշրջիկներին բաժանում ենք երկու մեծ խմբերի՝ սփյուռքահայեր եւ ոչ սփյուռքահայեր, եւ հուսով ենք, որ ոչ սփյուռքահայերի թիվը շատ կավելանա այս տարի»,- ասաց նա:

Միաժամանակ դոլարի փոխարժեքի նվազման հետեւանքով հյուրանոցների գները թանկացել են: Ըստ Սյուզաննա Ազոյանի, դրամային արտահայտությամբ այդ գներն առանձնապես չեն փոխվել, սակայն արտերկրում ապրողի համար տարբերությունը շոշափելի է. «Դրսում երեւում է, որ գները ավելի են բարձրացել: Եթե անցյալ տարի 25 հազար դրամը, օրինակ, 50 դոլար էր, ապա այս տարի 25 հազար դրամը արդեն շուրջ 70 դոլար է դառնում, եւ դա արդեն պրոբլեմ է առաջացնում: Իրենք այստեղ վճարում են միայն դրամով»: Բայց գները, նրա խոսքերով, նույնն են մնացել, մի քիչ թանկացել են ռեստորանների գները, միաժամանակ, ծառայություններ են ավելացել:

«Հայաստանում, ցավոք, այնպիսի տենդենց չի նկատվում, որ եթե մի բան ավելանում է, ապա գները նվազում են. այստեղ գներն ավելանում են»»,- շեշտեց Սյուզաննա Ազոյանը:

Այսօր արդեն սեպտեմբեր ամսվա համար երեւանյան հյուրանոցներում նախնական պատվերներ չեն ընդունվում՝ համարները զբաղված են գրեթե մինչեւ հոկտեմբերի վերջը: Դրանց գներն էժան չեն՝ սկսվում են 18-20 հազար դրամից եւ հասնում մինչեւ 800 հազար դրամ: Ամենաշատը առաջարկվող միջին որակի համարների արժեքը 60-75 հազար դրամ է:

Փաստը, որ երեւանյան հյուրանոցները նախապես զբաղված են, Սյուզաննա Ազոյանը սեպտեմբերին նախատեսվող Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովով չի պայմանավորում՝ ընդգծելով, որ ամեն տարի էլ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները ամենաեռուն շրջանն են զբոսաշրջության համար:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը հերքեց լուրերը, թե համաժողովի մասնակիցներից շատերը որոշել են հանել իրենց մասնակցության հայտը հյուրանոցային գների վրա դոլարի փոխարժեքի անկման ունեցած ազդեցության պատճառով: Նա վստահեցրեց, որ բոլոր հայտերն ուժի մեջ են, եւ նման դեպք իրենց հայտնի չէ: Ըստ փոխնախարարի, Հայաստանում միշտ էլ կարելի է հարմար գնով հյուրանոց գտնել, եւ համաժողովի կազմակերպիչ գերատեսչություններն առհասարակ չեն միջամտում հյուրերի տեղավորման գործին, քանի որ «դա կդիտվեր որպես պետության կողմից պարտադրանք»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG