Մատչելիության հղումներ

logo-print

Հեռուստառեժիսոր դառնալ ցանկացող երիտասարդների համար ամենամեծ խնդիրը հայերեն խոսելն է


Հատկացված 25 տեղի համար մրցում է 39 հոգի, եւ ռեժիսուրայի առարկայական հանձնաժողովը ստիպված է այնքան մեղմ քննել, որ հանկարծ թափուր տեղեր չմնան, մանավանդ որ ուսման վարձը տարեկան 250 հազար դրամ է, իսկ դա շատ դիմորդների համար այնքան էլ մատչելի չէ:

Դիմորդներից ոմանք չնայած դժվարությամբ էին պատասխանում քննատոմսերի հարցերին, սակայն 13 եւ բարձր միավորներ կարողացան ստանալ: Եւ դա այն դեպքում, երբ Թատերական ինստիտուտի նույն բաժիններում ձախողվածների թիվը շատ մեծ է:

«Մենք ընդամենը 3 հոգու ենք «կտրել», որ բացարձակ պատրաստ չէին»,- վկայեց առարկայական հանձնաժողովի անդամ Ռազմիկ Խոսրոեւը,- «Առաջ, երբ միայն մեր ինստիտուտում էր այս ֆակուլտետը, մրցույթը շատ մեծ էր, բայց երբ Թատերականում նույն ֆակուլտետը բացեցին՝ պատկերը փոխվեց»:

Հեռուստատեսության աշխատակից, ռեժիսոր դառնալ ցանկացող երիտասարդների համար ամենամեծ խնդիրը հայերեն խոսելն էր. մասնագետներին զարմացրել է այն փաստը, որ իրենց գրած սցենարը քննարկելիս նրանք դիմում են կենցաղային բառապաշարի, հաճախ էլ՝ «ժարգոնի» օգնությանը, ինչը հանձնաժողովին հիմք է տալիս կասկածել՝ դիմորդն ի՞նքն է գրում, թե՞ գրել-տվել են ձեռքը, կամ մեկ տարի պարապել են այդ մեկէջանոց սցենարն անգիր սովորեցնելու համար: Այնուամենայնիվ, դիմորդները դրական էին գնահատվում, եւ նրանց մեծ մասն արդեն գիտեին, որ ընդունվել են:

«Հայերեն լեզվի իմացությունը խիստ ցածր է: Եւ հիմքում հայերենի չիմացությունն է. այլ կյանքով են ապրում դպրոցում, դպրոցից դուրս, եւ ժարգոնը դարձել է խոսակցականի անբաժանելի մասը»,- շեշտեց Խոսրոեւը:

Մանկավարժական համալսարանի մասնագետները, այդուհանդերձ, հպարտությամբ էին նշում, որ այսօր հեռուստատեսային ամբողջ դաշտում իրենց պատրաստած մասնագետներն են, որ նրանք պահանջարկ ունեն շուկայում, որ ֆակուլտետն ամեն ինչ անում է որակյալ մասնագետներ պատրաստելու համար: Սակայն, միաժամանակ, ստիպված էին համաձայնել, որ «ժարգոնն» ու «միջակությունը» վաղուց գրավել են նաեւ հեռուստաեթերը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG