Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականի նոր մարզիչը շոտլանդացի Յան Փորթերֆիլդն է


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ է նշանակվել շոտլանդացի Յան Փորթերֆիլդը:

«Փորթերֆիլդը ընտրվել է շուրջ 20 թեկնածուներից: Նրա ցուցանիշները բազմաթիվ են, բոլորը ինձ համար դժվար կլինի թվարկել»,- իր ընտրությունը բացատրեց Ռուբեն Հայրապետյանը:

«Պայմանագիրը արդեն ստորագրել ենք մինչեւ 2008 թվականի վերջ, իսկ գումարը՝ գաղտնիք է», - ասաց Հայրապետյանը:

Հարցին, թե նոր մարզիչը ի՞նչ մակարդակի պետք է հասցնի Հայաստանի հավաքականը, որ իր աշխատանքը կատարած լինի, Ռուբեն Հայրապետյանը ասաց՝ «Մարզչի առջեւ խնդիր է դրվել՝ հավաքականը հասցնել միջազգային մակարդակի, որպեսզի 3-4 տարվա ընթացքում մենք մասնակցենք Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը»:

Յան Փորթերֆիլդը խաղային եւ մարզչական հարուստ փորձ ունի: Նա ֆուտբոլիստներ է մարզել Եվրոպայում, Աֆրիկայում եւ Ասիայում, 1988-1993 թվականներին գլխավորել է անգլիական «Չելսի» ակումբը:
Փորթերֆիլդի ղեկավարությամբ Զամբիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման համաձայն 58-րդ դիրքից առաջադիմել է 18-րդ դիրք, իսկ Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականը՝ 54-ից 25-րդ տեղը:

Մինչ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակվելը, Յան Փորթերֆիլդը մարզում էր Հարավային Կորեայի «Բուսան» թիմը: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը առիջին խաղը կանցկացնի սեպտեմբերի 7-ին՝ Բելգիայի ընտրանու հետ:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա եւ Էրիկ Ղազարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG