Մատչելիության հղումներ

Պրահայում ճշտվում է Արեգակնային համակարգի մոլորակների թիվը


Քանի՞ մոլորակ ունի Արեգակնային համակարգը: Դպրոցական դասագրքերից հայտնի 9 թիվը շուտով կփոխվի, սակայն պարզ չէ՝ այն կնվազի, դառնալով 8, թե կավելանա, դառնալով 10: Այս օրերին Պրահայում գումարվել է Աստագիտական միջազգային միության խորհրդաժողովը, որի աշխատանքներին մասնակցում է մոտ 3 հազար աստղագետ:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագիտության պրոֆեսոր Ռիչարդ Բինզելն ասում է, որ Աստղագիտական միջազգային միությունն արդեն երկու տարի է, ինչ փորձում է լուծել այս խնդիրը: Դրա համար անգամ հատուկ մոլորակների սահմանման հանձնաժողով էր գումարվել: «Այդ հանձնաժողովում էլ միաձայն համաձայնության եկանք մոլորակ անվան սահմանման չափանիշների շուրջ: Այդ սահմանումը կամ պետք է որոշակիորեն ներառնի իր մեջ Պլուտոնն իբրեւ մոլորակ կամ պետք է որոշակիորեն բացառի դրա մոլորակ լինելը»:

Այժմ Պրագայի խորհրդաժողովին ներկա գիտնականները պետք է վավերացնեն այդ սահմանումը, ինչը վերջնականապես կփոխի մեր պատկերացումները Արեգակնային համակարգի մասին: Բայց եթե Պլուտոնը հայտարարվի մոլորակ, ապա մոլորակ կհամարվի նաեւ Արեգակից ավելի հեռու գտնվող մեկ այլ երկնային մարմին՝ Քզինան /XENA/, որը նույն որակներն ունի, ինչ Պլուտոնը: Այնպես որ, օգոստոսի 25-ից հետո, երբ ավարտվի աստղագետների խորհրդաժողովը, հաստատ կկարողանանք ասել, թե ի վերջո քանի մոլորակ ունի Արեգակնային համակարգը:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG