Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները նոր փաստաթուղթ են ներկայացրել ՄԱԿ


Օգոստոսի 4-ին Ադրբեջանի իշխանությունները նոր փաստաթուղթ են ուղարկել ՄԱԿ, որը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, գրավյալ տարածքների հարցերին:

«Առաջին կետով Ադրբեջանը կոչ է անում ՄԱԿ-ին՝ վերահաստատել երկրի տարածքային անձեռնմխելիությունը, երրորդ կետում Լեռնային Ղարաբաղը ներկայացնում է իբրեւ Ադրբեջանի տարածք, եւ մի կետ կա Ղարաբաղը շրջապատող տարածքներում հրդեհների մասին, որով կոչ է արվում միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել՝ բացառելու նման իրավիճակները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, հայաստանյան կողմը այս բանաձեւի առնչությամբ արդեն տվել է իր մեկնաբանությունները, եւ հիմա էլ աշխատում է ՄԱԿ-ի անդամ երկրների հետ: Դեռ նախորդ նստաշրջանում հստակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը չպետք է քննարկվի ՄԱԿ-ում, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է բանակցությունները:

«Եթե Ադրբեջանը փորձի շարունակել բանաձեւի նախագծի քննարկումները, եւ հետո այն դրվի քվեարկության, ապա այս դեպքում Հայաստանը, ինչպես մենք իրենց հայտնել ենք, իրավունք ունի դուրս գալ բանակցային գործընթացից», - ասաց ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը:

Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, ամեն ինչ կախված է նրանից, թե Ադրբեջանն ինչ ռազմավարություն կընտրի: «Եթե Ադրբեջանը առաջ տանի փաստաթուղթը ՄԱԿ-ում, նշանակում է՝ իրենք վերապահումներ ունեն բանակցային գործընթացի նկատմամբ: Սա է մեկնաբանությունը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG