Մատչելիության հղումներ

Լիբանանահայերին մտահոգում է խաղաղապահ ուժերի կազմում թուրքական զինուժի ընդգրկման հնարավորությունը


Լիբանանահայերին մտահոգում է արաբա-իսրայելական հակամարտության գոտում՝ Լիտանի գետից հարավ տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմում թուրքական զինուժի ընդգրկման հնարավորությունը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Եղիկ Ջերեջյանը, լիբանանահայ համայնքը չի ընդունում խաղաղապահ ուժերի կազմում թուրքական մասնակցությունը:

«Թուրքիան չի կարող չեզոք ուժի դեր խաղալ Լիբանանի հարավում: Արդեն բողոքներ կան, եւ, հավանաբար, վաղը հայ երեսփոխանները եւ հայ նախարարը Հնչակյան կուսակցության քաղաքական դիվանի հետ հայտարարություն կանեն, ինչից հետո՝ հաջորդ օրը, հայկական երեք կուսակցությունները եւս հայտարարությամբ հանդես կգան՝ իրենց բողոքը հայտնելու այդ ուժերում Թուրքիայի ներգրավման հարցի կապակցությամբ»,- ասաց լիբանանահայ խորհրդարանականը:

Եղիկ Ջերեջյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների սկսվելու պատճառը միայն «Հըզբոլահ»-ի կողմից իսրայելցի երկու զինվորների առեւանգումը չէ, այլ «ընդհանրապես, Լիբանանում «Հըզբոլահ»-ի զինյալ գոյությունն է», քանի որ «Հըզբոլահ»-ը՝ որպես շիաների կազմակերպություն, «ուղղակի կապեր ունի Իրանի հետ՝ ե’ւ կրոնական, ե’ւ գաղափարախոսական, ե’ւ մշակութային, նաեւ՝ ռազմական եւ տնտեսական»:

Միաժամանակ, Լիբանանահայ պատգամավորը գտնում է, որ հարցը կարելի էր լուծել խաղաղ ճանապարհով: «Կարող եմ ասել, որ Լիբանանի ժողովրդի մեծամասնությունը «Հըզբոլահ»-ի զինյալ գոյության դեմ է, բայց այդ զենքը առգրավելու հարցում նախընտրում է խաղաղ բանակցությունները, որովհետեւ զենքի ուժով այդ զենքը «Հըզբոլահ»-ից առգրավելը մեզ համար նշանակում է երկիրը տանել դեպի դժոխք»,- ընդգծեց Եղիա Ջերեջյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG