Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ին տված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երկրում ստեղծված ճգնաժամային իրագիճակից ելքի միակ տարբերակը դեմոկրատական հեղափոխությունը դիտելով, առանձնացնում է. - «Հայաստանն այլընտրանք չունի. նայեք տարածշրջանի տնտեսական զարգացումներին՝ կովկասյան վագրը փակվել է վանդակում եւ տարածաշրջանի միակ մարգինալն է մնացել։ Սա անվերջ շարունակվել չի կարող»,- եզրակացնում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը, նկատելով. - «Կուսակցությունները մարդաորսով են զբաղված եւ գերազանցապես աշխատանքի տեղավորման բյուրոների են վերածվել, եթե ունեն իշխանական ռեսուրսներ։ Ընդդիմադիր կուսակցությունները, որոնց անվերջ մեղադրում են պասիվության եւ «գործազրկության» մեջ, վաղուց արդեն բաժանվել են «իշխանականի» եւ «ժողովրդավարականի»։

«Ներիշխանական հակասությունները դուրս են գալիս հրապարակային դաշտ» վերնագրի ներքո «Իրավունք»-ի խմբագրականը՝ փորձելով վերծանել նախագահ Քոչարյանի վերջին հայտարարությունների ենթատեքստը, կանխատեսում է. - «Շատ շուտով, հնարավոր է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, Ռոբերտ Քոչարյանը կկատարի ինչ-ինչ կադրային փոփոխություններ ուժային կառույցներում, որոնք հաշվեկշիռը կփոխեն հօգուտ իրեն»։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ըստ մեկնաբանի. - «Ռոբերտ Քոչարյանին օբյեկտիվորեն ձեռնտու կլինի, որպեսզի ոչ ոք չկարողանա վճռորոշ ազդեցություն թողնել դրանց ելքի վրա, այդ թվում եւ՝ ընտրակեղծիքների միջոցով։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Ազգային ժողովում ձեւավորել «կարկատանային մեծամասնությունը», որը առանց Քոչարյանի չի կարողանա լուծել վարչապետի հարցը: Այդ դեպքում, հանրապետության նախագահի մոտ կգոյանան առավելագույն շանսեր 2008-ից հետո իր քաղաքական կենսագրությունը շարունակելու որպես Հայաստանի նախագահ»։

Արձակուրդից վերադարձած «Հայկական ժամանակ» թերթը խմբագրականում մեջբերելով հայտնի աֆորիզմը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, փաստագրում է. - «Ջուր գողացող Հայաստանի քաղաքացին իրավունք չունի մեղադրել պետական բյուջեի միջոցները գողացող պաշտոնյային, որովհետեւ, ասենք, նախարարն էլ՝ երեկվա ջուր ու հոսանք գողացողն է՝ այն տարբերությամբ, որ երեկ նրա հնարավորությունը ջուր գողանալն է եղել, իսկ այսօր այդ հնարավորություններն ավելի մեծ են։ Եւ եթե հաշվի առնենք, որ այսօր բոլոր հայաստանցիները ջուր կամ ինչոր բան են գողանում, նշանակում է՝ ազնիվ նախարար ունենալու մեր շանսերը ահավոր փոքր են՝ գրեթե աննշան»,- ամփոփում է մեկնաբանն ու եզրակացնում. - «Մենք պետք է ոչ միայն արձանագրենք, թե ով ինչ է թալանում, այլ մտածենք այն մասին, թե երկրում քանի մարդ կա, որը նույն իրավիճակում հայտնվելիս նույն կերպ չի վարվի»։

«Օգոստոսի 8-ին՝ Աշտարակ-Գյումրի ճանապարհին, եւ 9-ին՝ Երեւանում, գանգստերական մեթոդներով կատարված սպանությունները ցույց տվեցին, որ հասարակության գիտակցության մեջ նման դեպքերի կրկնվող շարանը սկսել է ընկալվել իբրեւ առօրեական, անգամ որպես սովորական մի երեւույթ»: Վերջին շրջանի արյունալի հաշվեհարդարները համադրելով, «Հայոց Աշխարհ»-ը փորձում է ձեւակերպել դրանց պատճառները, թվագրելով. - «Ա) հասարակության վերջերս հարստացած խավը այնքան էլ չի վախենում իրավապահ համակարգից, նրա մեջ ուժգնանում է անպատժելիության զգացողությունը, բ) պետությունը անհրաժեշտ վճռականություն չի ցուցաբերում «փողն է ծնում իրավունք» սկզբունքը հասարակության մի մասի գիտակցությունից արմատախիլ անելու համար, գ) հասարակական գիտակցությունը ձեւավորող զանգվածային լրատվության դաշտը եւ, առաջին հերթին, հեռուստատեսությունը օբյեկտիվորեն նպաստում է կրիմինալի ներկա աշխուժացմանն ու նրա մեջ անպատժելիության զգացողության խորացմանը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG