Մատչելիության հղումներ

logo-print

Ավետիք Իշխանյան. «Որտեղ չի գործում արդարադատությունը, այնտեղ գործում է այլ արդարադատություն»


Հրազենի կիրառմամբ սպանությունները Հայաստանում հետեւանք են այն բանի, որ իրավապահ մարմինները ոչ պրոֆեսիոնալ են եւ բոլորովին այլ գործունեությամբ են զբաղված՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս կարծիքը հայտնեց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում երկու դեպք է արձանագրվել, երբ զինված հաշվեհարդարների զոհ են դարձել պատահական մարդիկ:

«Իրավապահ մարմինները հիմնականում ծառայում են իշխանություններին որպես հենարան՝ ցանկացած ժամանակ ընդդիմության, իրենց անհաճո լրատվամիջոցների նկատմամբ գործ սարքել, ճնշել, կոռումպացվել: Որտեղ չի գործում արդարադատությունը, այնտեղ գործում է այլ արդարադատություն»,- ընդգծեց Ավետիք Իշխանյանը:

Իշխանությունները, ըստ իրավապաշտպանի, չեն կարող քաղաքական կամք դրսեւորել եւ իրավապահներից պահանջել զբաղվել իրենց բուն գործով, քանի որ երբ գա իշխանություններին, օրինակ՝ ընտրությունների կեղծման գործում աջակցելու խնդիրը, վերջինները դարձյալ հենվելու են այդ կառույցների, ինչպես նաեւ այն զինված խմբավորումների վրա, որոնք այժմ փողոցներում հաշվեհարդարներ են կազմակերպում:

Ավետիք Իշխանյանի համոզմամբ, այդ խմբավորումները վտանգ են ներկայացնում նաեւ իշխանությունների համար, սակայն «տպավորություն կա, որ նրանք այդ վտանգը դեռեւս չեն գիտակցում, քանի որ իրենց չի առնչվել»: Նա չբացառեց, որ ինչ-որ ժամանակ իշխանությունները «հենց իրենք առնչվեն այդ վտանգին, երբ այդ ամենն արդեն անվերահսկելի դառնա»:

Ամենալուրջ խնդիրներից մեկը իրավապաշտպանը համարում է հասարակության անտարբերությունը, ինչը մարդիկ պատճառաբանում են քաղաքականության նկատմամբ հետաքրքրության բացակայությամբ: «Հայաստանում հասարակության անտարբերությունն արդեն հասել է այն մակարդակին, որ այդպիսի դեպքերը նույնիսկ ընդհանրապես համարյա ռեակցիա չեն առաջացնում»,- հայտարարեց իրավապաշտպանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG