Մատչելիության հղումներ

1981 թվականի օգոստոսի 12-ին Նյու Յորքում ներկայացվեց IBM-5150 համակարգիչը: Այն արժեր 1565 ամերիկյան դոլար (այսօրվա հաշվարկներով մոտ 5 հազար դոլար) եւ ուներ ընդամենը 16 կիլոբայթ հիշողություն, այսինքն՝ մի քանի էլեկտրոնային նամակի չափ: Այսօրվա համակարգիչներից այն 650 անգամ ավելի դանդաղ էր աշխատում:

Այդ ժամանակ էլ շրջանառության մեջ մտավ PC հապավումը՝ personal computer, այսինքն՝ անհատական համակարգիչ: Թեեւ անհատական համակարգիչներ արդեն շուկայում կային 1977 թվականից՝ հանրահայտ Apple Computer-ն էր արտադրել: Սակայն հենց IBM-ն էր, որ չափանիշ դրեց PC-ների հետագա մոդելների ու դրանց զարգացման համար: 1983 թվականին Time հանդեսը IBM համակարգիչը հայտարարեց տարվա մեքենա:

Այժմ մոտ մեկ միլիարդ նման համակարգիչներ կան աշխարհում: Ընդ որում, Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր 100 մարդու հաշվարկով 70 համակարգիչ կա: Հայաստանի շուկան էլ օրեցօր հագենում է անհատական համակարգիչներով, սակայն երկրի կոմպյուտերիզացման մակարդակը մնում է ցածր: Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանում յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է հասնում 65 համակարգիչ: Յուրաքանչյուր 10 հազար հայաստանցիներից ինտերնետից օգտվում է 491-ը:

Մասնագիտական աշխարհը եւ շատ ու շատ համակարգիչ կիրառողներ են այս օրերին շնորհավորում IBM-ին PC-ի 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Հենց տարեդարձի օրերին էլ ընկերության բաժնետերերից ու Microsoft-ի ղեկավարներից Ռեյ Օզին հայտարարեց, որ IBM-ի PC-ի ժամանակաշրջանը մոտ է ավարտին: «Այժմ ինտերնետի ժամանակաշրջան է, ուստի դրանից ելնելով էլ փոփոխության պետք է ենթարկվեն PC-ները»,- ասել է Ռեյ Օզին:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG