Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Մկրտչյան. «Ամենայն խստությամբ ենք վերաբերվում պաշտոնյաների երեխաներին»


Բուհական ընդունելության քննաշրջանի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին պատասխանում է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը.

Հարց.- Պարոն Մկրտչյան, այսօրվա դրությամբ ի՞նչ պատկեր է սպասվում ընդունելության մրցույթում:

Լեւոն Մկրտչյան.- Անցողիկ միավորները նախորդ տարվա համեմատ ավելի ցածր կլինեն, բացառությամբ իրավագիտության եւ միջազգային դիվանագիտության բաժինների, որտեղ ավանդաբար շատ մեծ է դիմորդների թիվը: Մյուս հիմնական բոլոր ուղղություններում անցողիկները կարող են լինել յուրաքանչյուր քննության միջին միավորները ՝ 14, 15, 16, որոշ մասնագիտություններում ՝ նույնիսկ 9 եւ 8: Տնտեսագիտական ուղղությամբ մասնագիտություններում մրցույթը 1-2 միավորով կիջնի: Այլ ուղղությամբ մասնագիտություններ ունենք, որ նույնիսկ մրցույթի իջեցում է սպասվում 7-8 միավորով, սակայն դեռեւս հարկ չեմ համարում հրապարակել, թե որոնք են դրանք:

Հարց.- Ի՞նչն էր այս տարի մրցութային անցողիկ շեմի իջեցման պատճառը:

Լ.Մ.- Պարզապես, այս տարի մի շարք քննություններում՝ քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, որոշ չափով նաեւ հայոց պատմություն, հնարավոր եղավ պահպանել միջին ցուցանիշներ եւ քննությունների անհրաժեշտ կորը մտավ իր տրամաբանության մեջ:

Հարց.- Իսկ որքանո՞վ եք քննաշրջանը եւ այս պատկերը օբյեկտիվ եւ թափանցիկ համարում: Չէ՞ որ դիմորդների շրջանում տարաբնույթ դժգոհությունները քիչ չէին, բացի այդ, հանձնաժողովների նախագահները բազմիցս վկայել են, որ քննական գործընթացում միջնորդություններ եւ ճնշումներ շատ են լինում, կոնկրետ կրթության եւ գիտության նախարարին եղե՞լ են միջնորդություններ.

Լ.Մ.- Իհարկե, ցանկացած քննական գործընթաց սուբյեկտիվ տարր է պարունակում, եւ լինում են տարաբնույթ միջնորդություններ. այս տարվա միջնորդությունների հիմնական լեյտմոտիվն այն է, որ ասում են՝ երեխան պատրաստված է, կստանա՞ արդյոք իր արժանի գնահատականը: Ես էլ ասում եմ՝ այո, եթե պատրաստված է, կստանա իր գնահատականը:

Հարց.- Այս տարի մի շարք հեղինակավոր ֆակուլտետների դիմորդների շարքերը համալրում են բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներ եւ, ի դեպ, գրեթե բոլորը բարձր միավորներ են ստանում: Ինչպե՞ս եք դա մեկնաբանում:

Լ.Մ.- Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները եւս մեր երկրի քաղաքացիներն են, եւ նրանց երեխաները եւս իրավունք ունեն կրթություն ստանալու: Մի դրական բան կա՝ որ պաշտոնյաները, վախենալով ամեն տարվա այս հարցադրումներից, երեք տարի է արդեն իրենց երեխաներին պարապել են տալիս. այս իմաստով բարդություն չենք ունեցել: Այո, մի մասին ես ինքս գիտեմ, ում հետ հարաբերություն ունեմ, մի մասին չեմ ճանաչում, բայց իրենք էլ մեծ մասամբ խուսափում են որեւէ միջնորդությունից, որովհետեւ կա նաեւ խիստ հրահանգ՝ ամենայն խստությամբ մոտենալ այս երեխաներին:

Հարց.- Քննական մարաթոնի նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը համոզված էիք, որ այս տարի բուհական ընդունելության քննություններում ստվերային գումարների շրջանառությունը 2-3 անգամ կկրճատվի: Քննական մարաթոնի ավարտին շարունակո՞ւմ եք մնալ այդ համոզմունքին:

Լ.Մ.- Իմ կարծիքով, այդ սկզբունքը, թերեւս, պահպանվել է. միավորները, մրցույթի արդյունքներն են դրա գնահատականը, մնացածը լոկ խոսքեր կլինեն: Եթե միավորների ընդհանուր ծավալն այնպիսին է, որ միջին միավորներն են սկսում մրցույթում անցնել, եթե քննության կորերը մտել են իրենց տրամաբանության մեջ, եւ միջին գնահատականներն են աշխատում, այդ դեպքում կարելի է ենթադրել, որ դա կատարվել է:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG