Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 12-ը օգոստոսի)

«Առավոտ»-ի խմբագրականը փոխանցում է, թե Հայաստանի իշխանավորներին առնվազն ԱՄՆ-ի հետ առաջիկա առնչություններում տհաճ անակնկալներ են սպասվում, նկատի ունենալով Ջորջ Բուշի օրերս հռչակած ազգային ծրագիրը, որը նախատեսում է «ողջ աշխարհով մեկ որոնել եւ բռնագրավել արտասահմանյան կոռումպացված պաշտոնյաների ֆինանսական միջոցները»։ Թերթի պատկերմամբ. - «Այս տրամաբանության մեջ Հայաստանը շատ ավելի խոցելի է, քան մնացյալ հարեւանները։ Ու սա այն դեպքում, երբ պարզորոշ երեւում է կոռուպցիայի հնարավոր կործանարար ազդեցությունը համազգային կարեւորագույն խնդիրների վրա», - գրում է թերթն ու հորդորում. - «Հայաստանի տարբեր տրամաչափի նժդեհականներն ու ազգայինները ավելի լավ կանեին «Ղարաբաղին չվնասելու մասին» անմիտ կոչեր հնչեցնելու փոխարեն՝ մի փոքր ավելի քիչ լափեին։ Գոնե հանուն Ղարաբաղի»։

«Ժամանակ-Երեւան» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ իշխանության ներսում տարաձայնություններն անհնարին են ՝ նախեւառաջ այն պատճառով, որ իշխանական բուրգի տարբեր շերտերում մտահոգված են միայն ու միայն իրենց բարեկեցությամբ։ Ստացվում է, որ համազգային նշանակության հարցերն անգամ չեն կարող ճաք առաջացնել իշխանական բուրգում»։ Այդուհանդերձ, ըստ թերթի. - «Արի ու տես, այդ ճաքը երեւութացել է ու սկսում է աստիճանաբար մեծանալ։ Դժբախտությունը, սակայն, այն է, որ այդ ճաքի հիմքում ընկած է ներիշխանական խմբավորումների անհագուրդ ֆինանսատենչությունն ու էլ ավելիին հասնելու, ուրիշներից ավելի զորեղ լինելու մարմաջը։ Կնշանակի՝ գործ ունենք դասական կլանային բախման հետ, որի վերերկրյա ցնցման մագնիտուդը կարող է կործանարար լինել երկրի համար»,- գրում է թերթն ու բխեցնում. - «Տպավորություն է ստեղծվում, թե Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ հակադրության գնացող կլաններին հայրաբար մաղթել է՝ «խժռեք իրար»։

«Վերեւների թողտվությամբ դոլարն ու դրամը ավազ են մաղում»՝ «Ազգ»-ի մեկնաբանը այսպես բնութագրելով Հայաստանի արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակը, գրում է.- «Այս օրերին այսպես կոչված «ֆիրդուսնոցը» դիտարժան է։ Այստեղ երեւանյան փոխանակման կետերն աչքի են ընկնում դռներին անգամ ցերեկվա շոգ ու տոթ ժամերին ձգվող հերթերով: Մարդիկ մեծ գումարներ են փոխանակում՝ սարսափած այն մտքից, որ դոլարն արդեն իսկ հայտնվել է 400 դրամից ցածր հարթակում եւ, հավանաբար, «ուշագնաց լինելու ճանապարհին» կարող է հատել նաեւ 350-ի, 300-ի հարթակները»: Մեկնաբանի հայացքով, սակայն.- «Դրամական հարթակներն ավելի փոքր նշանակություն ունեն, քան մարդկային հարաբերությունները: Օրերս էլ Կենտրոնական բանկն էր ուսումնասիրել ու պարզել, որ 2005 թվականին Հայաստան դրսից մոտ 1 միլիարդ դոլար գումար է մտել որպես մասնավոր տրանսֆերտներ: Սա վկայում է հայերի ընտանեկան ու բարեկամական կապերի ամրության մասին: Բայց ի՞նչ կմնա այդ հարազատությունից, երբ միմյանց օժանդակելու սովորության համաձայն հարազատներին ու ծանոթներին պարտք տված ու պարտք վերցրած մարդիկ անձնական խնդիրների առաջ են կանգնում»,- հարցնում է թերթն ու կանխատեսում.- «Իբր չվերադարձնելու դեպքերն ու դրանց պատճառած նյութական եւ բարոյական վնասները քիչ էին, հիմա էլ մի քանի ամսով վերցրած գումարը վերադարձնելը ցավ պիտի պատճառի իր տվածից պակաս արժեք ստացող պարտատիրոջը եւ պարտապանին, որը բարեկամություն ու հարազատություն պիտի մոռանա` փոխանակման «լողացող» կուրսերի ջրապտույտների պատճառով»:

Իր հերթին «Lragir.am» էլեկտրոնային պարբերականը գրում է, թե դոլարի փոխարժեքի անկումը որոշակի խուճապ եւ անորոշություն է առաջացրել նաեւ Հայաստանի որոշ պաշտոնական շրջանակներում: Թերթը նկատում է.- «Նրանց աշխատավարձն, իհարկե, դրամով է: Բայց աշխատավարձը նրանց համար ապրուստի միջոց չէ, այլ ալիբի, իսկ ահա ապրուստի միջոցը նրանք վաստակում են դոլարով: Խոսքը «կողմնակի եկամուտի» մասին է: Հաջողվել է պարզել, որ «իշխանական որոշ շրջանակներում որոշում է կայացվել այսուհետ «կողմնակի եկամուտը» վերցնել դրամով: Սակայն, դեռեւս հայտնի չէ, թե հատկապես որ թվականի փոխարժեքին համարժեք դրամով են հաշվարկելու «կողմնակի եկամուտը»,- հեգնում է թերթը:

Նույն պարբերականի փոխանցմամբ, մի խումբ հունահայ դաշնակցականներ ցանկություն են հայտնել սեպտեմբերին գալ եւ մասնակցել Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովին, սակայն դեռ Երեւան չեկած, նրանք բախվել են Հայաստանի եւ Սփյուռքի փոխհարաբերության իրական բնույթին: «Բանն այն է, որ արդեն նախապես պատվիրելով օդանավի տոմսերը, հունահայերի խումբը ցանկացել է նաեւ պատվիրել հյուրանոցի համարներ Երեւանում: Մայրաքաղաքի բոլոր հյուրանոցները հայտնել են, որ բոլոր տեղերն արդեն պատվիրված են ու ազատ տեղ չկա: Հայաստան-Սփյուռք կազմկոմիտեին մոտ շրջանակներից որոշ անձինք սփյուռքահայերի խմբին օթեւան են առաջարկել մայրաքաղաքին մոտ գտնվող հյուրանոցներում, ասելով, որ մոտ 10 օր բնակության համար նրանք պետք է վճարեն ոչ ավել, ոչ պակաս 5000 դոլար, ընդ որում առանց սննդի հաշվարկի: Դաշնակցական հայրենասերների խումբը, որ հիմնականում բաղկացած է եղել տարեց սփյուռքահայերից, համարել է, որ «5000 դոլարանոց համաժողովը» թանկ հաճույք է եւ հրաժարվել է Հայաստան գալու մտքից ընդհանրապես, հետ վերադարձնելով նաեւ նախապես ամրագրած օդանավի տոմսերը»,- տեղեկացնում է պարբերականը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG