Մատչելիության հղումներ

Իսրայելը եւ «Հըզբոլահ»-֊ը հրադադար հաստատեցին


Այսօր առավոտյան Իսրայելը եւ «Հըզբոլահ»-֊ը, որոնք մեկ ամսից ավելի ռազմական գործողություններ էին իրականացրել, հրադադար հաստատեցին:

Իսրայելյան ինքնաթիռները, որոնք ռմբակոծում էին Լիբանանի տարածքը, այլեւս երկնքում չեն երեւում: Միաժամանակ «Հըզբոլահ» մահմեդական խմբավորումը դադարեցրել է Իսրայելի ռմբակոծումը:

Նախօրեին ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհուրդը հորդորել էր կողմերին հրադադար հաստատել, ինչից հետո հնարավոր կլինի 15 հազար միջազգային խաղաղապահ տեղակայել Լիբանանի հարավում:

Իսրայելը հայտարարել է, որ այնուամենայնիվ կշարունակի Լիբանանի օդային եւ ծովային շրջափակումը մինչեւ արդյունավետ մեխանիզմ չմշակվի զենքի մաքսանենգությունը կանխելու համար:

Իսրայելյան ուժերի մի մասը այսօր առավոտից դուրս է բերվում Լիբանանից, սակայն, «Ռոյթերզ»֊-ի վկայությամբ, բարձրաստիճան զինվորականներից մեկն ասել է, թե «զորքի մի մասը դուրս է բերվում, բայց բավարար մասն էլ մնում է»:

Ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր Իսրայելը 30 հազար զինվորական էր տեղակայել Լիբանանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG