Մատչելիության հղումներ

Խորհրդարանի խոսնակը կողմ է «արտասահմանում սովորող տաղանդավոր երեխաների վերաբերյալ օրենսդրության ընդունմանը»


Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հաստատեց արտերկրում սովորող տաղանդավոր երիտասարդների վերադարձը ապահովելու համար օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը:

«Ակնհայտորեն այդպես է, եւ այդ մասին ես, սկսած 1999 թվականից, ասել եմ մի քանի կրթության նախարարների: Եթե հնարավորություն եւ ժամանակ լինի հիմա, այս կարճ ժամանակահատվածում, փորձ կարվի օրենքով այս հարցը կարգավորել», - ասաց Տիգրան Թորոսյանը:

Հարցին, թե արդյո՞ք բախում չի լինի Հանրապետական կուսակցության ղեկավար անդամներից պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի շահերի հետ՝ հաշվի առնելով զինծառայության հարցը, Ազգային Ժողովի խոսնակը պատասխանեց՝ «Կարծում եմ, զինծառայության մեջ էլ տաղանդավոր երիտասարդներ պետք են, եւ վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը ճիշտ հակառակ կարծիքի է: Չեմ կարծում, որ եթե մարդը գիտությանն է ծառայում, բանակին չի ծառայում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արտերկրում սովորող՝ 27 տարին լրացած հայ երիտասարդների մի մասը հետախուզման մեջ է եւ այդ պատճառով հայրենիք չի վերադառնում, Տիգրան Թորոսյանը նշեց, թե «դա առանձին հարց է, որի հետ կապված որոշ լուծումներ առաջարկվել են»:

«Կարծում եմ, եթե հասկանում ենք խնդրի կարեւորությունը, միշտ էլ լուծում կարելի է գտնել»,- համոզված է Ազգային Ժողովի նախագահը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG