Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատվել է եւս մեկ դպրոցի տնօրեն


Թիվ 87 դպրոցում արձանագրվել են կեղծ գնահատումների, քննական տետրերը կեղծելու դեպքեր: Ընդ որում, աշակերտների շուրջ կեսը գնահատված է եղել 19-20, ինչը մասնագետներին լուրջ կասկածների տեղիք է տվել:

Վերջին տարիներին «լավագույն» դպրոցների տասնյակում հայտնված այս դպրոցի բազմիցս պարգեւատրված տնօրենը նման «որակյալ» շրջանավարտներ ունենալու համար, թերեւս, կրկին կպարգեւատրվեր, եթե չպարզվեր, որ այդ գնահատականները «սարքված են»: Գեղամ Հայրապետյանն ընդունում է, որ խախտում արել է, բայց դա, ըստ նրա, ընդամենը պատահականություն էր.

«39 տարի տնօրեն եմ աշխատել եւ 39 վայրկյան չեմ մտածել, որ կրթության ոլորտում կարող է խախտում լինել: Ես երբեք նման քայլի չեմ գնացել, ոչ առաջին տարիներին, ոչ հիմա, ոչ ընդհանրապես: Եվ հիմա, փաստորեն, ստացվեց, ինձ համար էլ էր անակնկալ»,- նշեց Հայրապետյանը,- «Իմ խախտումն այն էր եղել, որ թույլ էի տվել ուսուցչուհուս երեխայի տետրը վերանայել ու կապույտ գրիչ էինք օգտագործել»:

Գեղամ Հայրապետյանին աշխատանքից ազատելու պատճառը հիմնականում այս դեպքն է եղել, իսկ «սարքված» գնահատականների պատկեր գրանցվել է ուսումնասիրված գրեթե բոլոր դպրոցներում: Քաղաքապետարանի մասնագետները պարզել են, որ ուսումնասիրված դպրոցներում քննությունների գնահատականները մեծ մասամբ ուռճացված են՝ 1-2 միավորով: Սակայն դրա համար ուրիշ ոչ ոք չի պատժվել:

«Հայ ուսուցչին մշտապես ուղեկցում է մայրական բնազդը, երեխային փայփայելու բնազդը՝ «հանկարծ վատություն չանեմ»: Եվ եթե տնօրենն էլ այդպես է մտածում, դա լուրջ խնդիր է»,- հիմնավորեց քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը:

Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնյաներից մեկը Գեղամ Հայրապետյանին աշխատանքից ազատելը պատահական չհամարեց: Ըստ նրա, նման ապօրինությունները վերադասներից գաղտնի երբեք չեն կատարվում:Պարզապես, երբ գալիս է որեւէ տնօրենի փոխելու ժամանակը, խախտումներն անմիջապես հրապարակվում են:

Այս դպրոցում նոր տնօրենի ընտրությունը նախատեսվում է սեպտեմբերի սկզբին: Գեղամ Հայրապետյանն իր թեկնածությունը չի առաջադրելու:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG