Մատչելիության հղումներ

Ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Լիբանանից Հայաստան է տեղափոխվել շուրջ 800 մարդ


Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների սկսվելուց անցած շուրջ մեկ ամսվա ընթացքում 7 չվերթով Լիբանանից Հայաստան է տեղափոխվել շուրջ 800 մարդ, որոնցից մոտ 300-ը՝ Հայաստանի քաղաքացիներ, մնացածը՝ լիբանանահայեր: Առայժմ անորոշ ժամանակով դադարեցվել են շաբաթական երկու անգամ իրականացվող չվերթները, քանի որ Հայաստան գալ ցանկացողների թիվը վերջին օրերին նվազել է:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ հեռախոսազրույցում Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը չբացառեց, որ թռիչքները կարող են վերականգնվել: Ըստ նրա, առաջիկա մի քանի օրվա ընթացքում, հավանաբար, եւս մեկ թռիչք կլինի, որով Հայաստան կտեղափոխվի մոտ 100 մարդ: Թռիչքների ընդհատումը, ըստ նրա, միայն մասամբ է պայմանավորված Լիբանան-Սիրիա ճանապարհի ռմբակոծման փաստով. «Բայց հիմնականում դա չէ խնդիրը: Ընդհանուր առմամբ, հոսքը պակասեց, ճիշտ է, չեմ կարող ասել, թե վիճակը լավացավ՝ դրա համար»:

Հայ համայնքի ավելի քան 90 տոկոսը դեռեւս գտնվում է Լիբանանում: Թեեւ ռումբերը երբեմն պայթում են հայկական բնակավայրերից ոչ մեծ հեռավորության վրա, այնուամենայնիվ, ինչպես վստահեցրեց Լիբանանի խորհրդարանի անդամ Եղիկ Ճերեճյանը, բարեբախտաբար, հայերի շրջանում զոհեր չկան:

Վկայակոչելով Լիբանանի մարդասիրական օգնության հարցերով կառավարական հանձնաժողովը «Ֆրանսպրես»-ը այսօր հաղորդել է, որ ռազմական գործողությունների 30 օրերի ընթացքում Լիբանանում զոհվել է 1002 քաղաքացիական անձ եւ 30 զինվորական ու ոստիկան, 3580 մարդ վիրավորվել է:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG