Մատչելիության հղումներ

Հայաստանի օրհներգի համար մրցույթի երկրորդ փուլ անցած հինգ ստեղծագործությունները կներկայացվեն հանրության դատին


Կառավարության կողմից մայիսին կազմավորված մրցութային հանձնաժողովը չորեքշաբթի օրը հրապարակեց Հայաստանի Հանրապետության նոր օրհներգի մրցույթի առաջին փուլի արդյունքները:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը, որն ի պաշտոնե նաեւ մրցութային 22-հոգանոց հանձնաժողովի նախագահն է, հայտնեց, որ ստացված 85 հայտերից եռօրյա քննարկումների արդյունքում հանձնաժողովը բաց քվեարկությամբ ընտրել է երկրորդ փուլ անցած ստեղծագործությունները:

Առաջին փուլում ամենաշատ ձայները հավաքել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա Տիգրան Մանսուրյանի գրած օրհներգը՝ «Հայտնի խոսք, նոր երաժշտություն» անվանակարգում, որտեղ այն միակ հայտն է եղել:

Այնուհետեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Երվանդ Երզնկյան, Էդգար Հովհաննիսյան, Արամ Խաչատրյանի երաժշտությունը՝ նոր խոսքերով, եւ Ռոբերտ Ամիրխանյանի «Մեր Հայրենիքը» կոչվող նոր օրհներգը:

Առաջիկա ամսվա ընթացքում հիշյալ ստեղծագործությունները կհնչեն համերգասրահներում՝ արժանանալով նաեւ հասարակական քննարկումների եւ գնահատականների: Միայն դրանից հետո մրցութային հանձնաժողովը նիստ կհրավիրի եւ այս անգամ արդեն փակ, գաղտնի քվեարկությամբ հինգ կոմպոզիտորների ներկայացրած օրհներգերից կընտրի լավագույնը:

Ըստ Սահմանադրության՝ «Ազգային Ժողովը մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանում է Հայաստանի Հանրապետության օրհներգը»: ՄԻնչ այդ գործում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը գործող օրհներգը»:

Մրցութային հանձնաժողովը կազմված է անվանի մշակութային գործիչներից՝ Հովհաննես Չեքիջյան, Արամ Ղարաբեկյան, Էդվարդ Միրզոյան, Ռազմիկ Դավոյան, Սիլվա Կապուտիկյան եւ այլք, ինչպես նաեւ մի քանի պաշտոնյաներից:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG