Մատչելիության հղումներ

Հայաստանի օրհներգի համար մրցույթի երկրորդ փուլ անցած հինգ ստեղծագործությունները կներկայացվեն հանրության դատին


Կառավարության կողմից մայիսին կազմավորված մրցութային հանձնաժողովը այսօր հրապարակեց Հայաստանի Հանրապետության նոր օրհներգի մրցույթի առաջին փուլի արդյունքները:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը, որն ի պաշտոնե նաեւ մրցութային 22-հոգանոց հանձնաժողովի նախագահն է, հայտնեց, որ ստացված 85 հայտերից եռօրյա քննարկումների արդյունքում հանձնաժողովը բաց քվեարկությամբ ընտրել է երկրորդ փուլ անցած ստեղծագործությունները:

Առաջին փուլում ամենաշատ ձայները հավաքել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա Տիգրան Մանսուրյանի գրած օրհներգը՝ «Հայտնի խոսք, նոր երաժշտություն» անվանակարգում, որտեղ այն միակ հայտն է եղել:

Այնուհետեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Երվանդ Երզնկյան, Էդգար Հովհաննիսյան, Արամ Խաչատրյանի երաժշտությունը՝ նոր խոսքերով, եւ Ռոբերտ Ամիրխանյանի «Մեր Հայրենիքը» կոչվող նոր օրհներգը:

Առաջիկա ամսվա ընթացքում հիշյալ ստեղծագործությունները կհնչեն համերգասրահներում՝ արժանանալով նաեւ հասարակական քննարկումների եւ գնահատականների: Միայն դրանից հետո մրցութային հանձնաժողովը նիստ կհրավիրի եւ այս անգամ արդեն փակ, գաղտնի քվեարկությամբ հինգ կոմպոզիտորների ներկայացրած օրհներգերից կընտրի լավագույնը:


Մրցութային հանձնաժողովը կազմված է անվանի մշակութային գործիչներից՝ Հովհաննես Չեքիջյան, Արամ Ղարաբեկյան, Էդվարդ Միրզոյան, Ռազմիկ Դավոյան, Սիլվա Կապուտիկյան եւ այլք, ինչպես նաեւ մի քանի պաշտոնյաներից:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG