Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ը փոխանցում է ռուսական «Վրեմյա նովոստեյ» թերթում Ռուսաստանի դաշնության միջնորդական խմբի ղեկավար, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի հրապարակած «Ղարաբաղ. կարգավորման անանցանելի թավուտներում» վերնագրով հոդվածը, որտեղ, մասնավորապես, համադրված է կողմերի վարքագիծը խնդրի կարգավորման հարցում. - «Հայերը կառուցողականություն են հանդես բերում, երբ վստահ են, որ մյուս կողմը «հուսախաբ չի անի»` չի կարողանա ընդունել առաջարկությունը: Դա նրանց թույլ է տալիս առավել ձեռնտու եւ նվազ զայրացուցիչ դիրք բռնել», - գրել է դեսպանն ու նկատել. - «Սեփական հանրության առջեւ ավելի բարդ է Ադրբեջանի ղեկավարության վիճակը. ...Ավելի ու ավելի է բացահայտվում, որ Իլհամ Ալիեւը չի էլ ուզում համաձայնություն, այլ ժամանակ է ձգում ուժեղանալու հույսով, թեեւ պարբերաբար ահաբեկում է նրանով, որ ադրբեջանական կողմի համբերությունն անսահման չէ»:

Նույն թերթը նաեւ փոխանցում է ադրբեջանական «Դեյ-ազ» գործակալությանը ադրբեջանցի հայտնի հոգեբան Ազադ Իսազադեի տված հարցազրույցից մի հատված, որտեղ, մասնավորապես, ասված է. - «Անկասկած, հայերի կողմից տարածքների օկուպացումը լուրջ տրավմա էր մեզ համար։ 90-ականների սկզբին ադրբեջանական ժողովուրդը դեռ հույս ուներ միավորելու իր երկրի հետ Ղարաբաղը, եւ մարդիկ իրենց հույսը կապում էին կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի, կամ Հեյդար Ալիեւի` իշխանության վերադառնալու, կամ էլ հնարավորինս շուտ նավթային պայմանագրեր կնքելու հետ»։ Ըստ հոգեբանի, սակայն. - «Անցան տարիները, եւ Ղարաբաղի կորստի ցավի հետ մեկտեղ սկսեց անհետանալ նաեւ այն վերադարձնելու հույսը»։

«Ժամանակ-Երեւան» թերթի տեղեկություններով, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը արձակուրդից վերադառնալուն պես, ըստ ամենայնի, կմիանա Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որտեղ արդեն ընդգրկվել են նրա որոշ ընկերներն ու համախոհները։ «Այս «չակերտված» բացահայտումը նախատեսված էր անել մի փոքր ավելի ուշ, սակայն որոշ հանգամանքներ նպաստեցին դեպքերի արագացմանը», - գրում է թերթն ու բխեցնում. - «Եթե Ծառուկյանի հետ համագործակցությունը չկայանա, 9 տարի արդարադատության նախարար աշխատած Դավիթ Հարությունյանին սպառնում է խաղից դուրս հայտնվելու վտանգը»։

Նույն թերթը, որակելով «Արդարություն» դաշինքը լքած ու դեպի «Բարգավաճ Հայաստան» ուղղություն վերցրած Վիկտոր Դալլաքյանի վարքագիծը, նկատում է. - «Դալլաքյան Վիկտորի անձն ու դերակատարությունն այնքան մեծ չեն, որ շարունակ խոսենք նրա արարքի մասին։ Այսքանն էլ խոսվում է միայն այն պատճառով, որ ամռան տապին հանրային-քաղաքական կյանքի օրակարգի հարցերը սակավ են։ Խնդիրն ավելի շատ այն է, որ բարոյական ու սկզբունքային անկումը նոր թափ է հավաքում, մինչդեռ կար ակնկալիք, որ միգուցե Ազգային ժողովի ընտրություններով բեկում տեղի ունենա ու սկսի գերակշռել քաղաքականության հետ կապ ունեցող գործչի առավել սկզբունքային ու պատվախնդիր տեսակը», - եզրակացնում է մեկնաբանը։

«Առավոտ»-ին տված հարցազրույցում պատգամավոր Հմայակ Հովահաննիսյանը, անդրադառնալով ներքաղաքական վերադասավորումներին, նկատում է. - «Այսօր, ըստ էության, փորձ է արվում արմատական ընդդիմությանը քաղաքական թատերաբեմից դուրս մղել դեպի քաղաքական լուսանցք։ Եւ ըստ այդ սցենարի՝ քաղաքական թատերաբեմում պետք է տեղավորվեն երկու ուժեր՝ ՀՀԿ-ն, որպես իշխանական ուժ, եւ «Բարգավաճ Հայաստան»-ը, որին վերապահված է համակարգային ընդդիմության դերակատարությունը։ «Համակարգային այդ ընդդիմությունը հակադրելու են արմատական ընդդիմությանը, որին մղելու են քաղաքական ընդհատակ ՝ վերագրելով միայն այլախոհների դերատակարությունը», - կանխատեսում է քաղաքագետ պատգամավորը։

«Ազգային կողոպուտ» վերնագրի ներքո «Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով Հայաստանում դոլարի փոխարժեքի «կայուն անկման» պաշտոնական հիմնավորումներին, գրում է. - «Շատերը համոզված են, որ դոլարի փոխարժեքն ամենամոտ ապագայում կնվազի մինչեւ մեկ դոլարի դիմաց 350 դրամ։ Հայաստանի բնակչության մի զգալի հատվածի համար գրեթե աղետաբեր այս գործընթացը պաշտոնական շրջանակներում խիստ փաղաքշաբար, համարյա գորովանքով անվանում են «ազգային դրամի արժեւորում»։ ... Բայց մարդիկ, ի վերջո, հո ավարտված ապուշներ չեն, որ հավատան այդ հակատրամաբանական թոթովանքներին։ Նրանք հո վստահ են, որ այս շատ մեծ ու շատ կեղտոտ խաղի արդյունքում խիստ սահմանափակ թվով մարդիկ միլիարդներով հաշվարկվող իրենց փողային խնդիրներն են կարգավորում, մինչդեռ հարյուրհազարավորներն իրենց, բառիս ամենաուղիղ իմաստով, գրպանահատված են զգում», - եզրակացնում է խմբագիրը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG