Մատչելիության հղումներ

logo-print

Շամշյանը համոզված է, որ ոստիկանությունն ու Նուբարաշենի իշխանությունները գործում են իր դեմ


«Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը հայտարարություն է հրապարակել, որում տեղեկացնում է, որ իր բնակարանը կնքվել է, եւ այնտեղ իր բացակայությամբ խուզարկություն է իրականացվել: Նա այս ամենը համարում է իր մասնագիտական գործունեությունը ծավալելու խոչընդոտ, որը փոխհամաձայնեցված հարուցում են ոստիկանությունն ու Նուբարաշենի տեղական իշխանությունները:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում լրագրողը հաստատեց, որ դուռը կոտրելով մտել են իր բնակարան եւ խուզարկություն կատարել: Չնայած Էրեբունու ոստիկանության քննչական բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մեսրոպյանը հավաստիացրել էր, թե իրենց նպատակը միայն ստուգելն է՝ վնասված չէ՞ արդյոք կահույքը, այնուհանդերձ, տեսնելով, որ կահույքը վնասված չէ, առգրավել են լրագրողի անձնական իրերը՝ ձայնագրիչը, անձնագիրը, «Չորրորդ իշխանություն», «Առավոտ», «168 ժամ» թերթերի արխիվները, լուսանկարներ եւ սկավառակներ, ապա դուրս են եկել՝ ընթերակաների ներկայությամբ կնքելով դուռը:

Լրագրողը վստահ է, որ իր դեմ իրականացվող հետապնդումների պատճառը Նուբարաշենի թաղապետի եղբայր Ռուբեն Հովհաննիսյանի դեմ իր տված ցուցմունքներն են:

Շամշյանը հուլիսի 12-ին հարձակման էր ենթարկվել մի շարք անձանց կողմից, որոնցից մի քանիսի անունները նա հետագայում հայտնել էր ոստիկանությանը եւ որպես հարձակման պատճառ մատնանշել «Արդշինինվեստբանկ»-ի Մալաթիայի մասնաճյուղում գողության գործի վերաբերյալ իր հոդվածը, ըստ որի, այդ հանցագործության մեջ կասկածվողները Նուբարաշենի թաղապետի ազգականներն են: Լրագրողի ցուցմունքներով Ռուբեն Հովհաննիսյանը կալանվել էր, սակայն շատ չանցած ազատ արձակվել գրավի դիմաց:

Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը շաբաթ օրը հաստատել է, որ Շամշյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ խարդախության եւ անձին վիրավորանք հասցնելու մեղադրանքներով:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG