Մատչելիության հղումներ

logo-print

Գիվոեւին սպանելուց հետո հանցագործներն այրել են իրենց ավտոմեքենան եւ դիմել փախուստի


Երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար, գործարար Ալեքսանդր Գիվոեւի սպանության փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Արագածոտնի մարզի դատախազությունում: Գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ սպանությունց հետո հանցագործները «ՎԱԶ 21-09» մեքենայով, որ գողացված է եղել շուրջ երկու ամիս առաջ, մոտ 10 կիլոմետր հեռացել են, ապա այրել ավտոմեքենան: Դրանից հետո հանցագործները դիմել են փախուստի անհայտ ուղղությամբ:

Հետագայում այրված ավտոմեքենայում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգը, որով կատարվել է սպանությունը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Ըստ Արագածոտնի մարզի դատախազությանը մոտ կանգնած աղբյուրների, դեպքից անմիջապես հետո համապատասխան մարմինները, պատճառաբանելով, թե բենզին չունեն, դեպքի վայր չեն հասցրել հատուկ վարժեցված շների, որպեսզի թարմ հետքերով հնարավոր լիներ գտնել հանցագործներին, իրավապահներին չի տրամադրվել նաեւ ուղղաթիռ, որպեսզի իրականացվեն համապատասխան միջոցառումներ:

Կան վարկածներ, թե սպանությունը պատվիրված է եղել դրսից, եւ կատարողները նույնպես Հայաստան են ներթափանցել արտերկրից:

Երեկ ժամը 13:30-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ճանապարհին՝ Ոսկեվազ գյուղի մոտակայքում, անհայտ անձինք «ՎԱԶ 21-09» առանց պետհամարանիշի ավտոմեքենայից կրակ էին բացել այդ պահին մայթեզրին կանգնած Ալեքսանդր Գիվոեւի ուղղությամբ: Կրակոցներից սպանվել է ոչ միայն Ալեքսանդր Գիվոեւը, այլեւ մայթեզրին առեւտրով զբաղված մի կին՝ Գյուլնարա Կարապետյանը:

Ալեքսանդր Գիվոեւը հայտնի էր երբեմնի քրեական անցյալով: Ըստ որոշ տեղեկությունների, նա եղել է Ռուսաստանում հայտնի հայազգի օրենքով գողերից մեկը՝ «Հայհույ» մականունով: 2003 թվականին, երբ Գիվոեւն իր թեկնածությունն էր առաջադրել Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում, նրա նախընտրական բուկլետում կար այսպիսի արտահայտություն. «Պետք է հասնել նրան, որ ԱՊՀ տարածքի հայ բիզնեսմենների եւ քրեական հեղինակությունների կողմից ռուս ոստիկաններին ու մահմեդականներին տրվող շուրջ 60 միլիոն դոլարի ստվերային մուծումները որոշակի երաշխիքներով ծառայեն Հայաստանին»:

Ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի մոտ, իսկ հետագայում նաեւ՝ Սոչիում տեղի ունեցած ավիավթարի օրերին լրագրողները Գիվոեւին տեսել են զինված ուժերի գեներալ-մայորի համազգեստով: Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը հերքեց, թե Ալեքսանդր Գիվոեւը Հայաստանի զինված ուժերի, ազգային անվտանգության կամ ոստիկանության գեներալ է եղել: Նա չբացառեց, որ դա կարող էր լինել կամ ռուսական բանակի, կամ էլ, որ «ավելի մոտ է իրականությանը», կազակների գեներալի համազգեստ:



Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG