Մատչելիության հղումներ

Ընդունելության քննությունների մարաթոնը մոտենում է ավարտին


Հուլիսի 20-ից մինչ օրս քննություն է հանձնել շուրջ 23 հազար 500 դիմորդ: Քննությանը չի եկել, իսկ այնուհետեւ բժշկական տեղեկանք է ներկայացրել մոտ 650 դիմորդ: Հանրապետական հանձնաժողովը գրանցել է կորցրած քննաթերթերի վերականգնման 43 եւ տարբեր պատճառներով քննությունից ուշացման 55 դեպք: Նշված բոլոր դեպքերում դիմորդների համար քննության նոր օր է նշանակվել:

20 օրվա տվյալներով՝ տարբեր առարկաներից 18-20 են ստացել 6 հազար 500, 8-ից ցածր՝ շուրջ 3 հազար դիմորդներ: Նախորդ տարիների համեմատ, ամենացածր գնահատականները գրանցվել են ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, հայոց պատմության, ռուսաց լեզվի հանձնաժողովներում: Բարձր գնահատականների թվով առաջին հորիզոնականում են անգլերենի եւ հայոց լեզվի գրավոր քննությունները:

Հանձնաժողովի տեխնիկական կամ մասնագիտական վրիպակների պատճառով բարձրացվել է 260 գնահատական: Գանգատարկումների առաջին փուլում իջեցվել է ընդամենը մեկ դիմորդի գնահատական: Փոխարենը 4 գնահատական է իջեցվել կրկնակի բողոքարկման ժամանակ: Բողոքարկման հայտով Հանրապետական ընդունող հանձնաժողով է դիմել 95 դիմորդ, բարձրացվել է նրանցից 16-ի գնահատականը՝ 0,5-1 միավորով:

Առաջին հայտով Երեւանի պետհամալսարանի քիմիայի ֆակուլտետ են ընդունվել Մենդելեեւյան օլիմպիադայի հաղթող երկու դիմորդներ: Սեպտեմբերին անվճար ուսում ստանալու ուղեգիր են ստացել նաեւ տարբեր մարզաձեւերում միջազգային մրցումների հաղթող 10 դիմորդներ:

Կենտրոնացված քննություն հանձնած մյուս դիմորդներին մնում է սպասել օգոստոսի վերջին, երբ կամփոփվեն վերջնական արդյունքները: Մրցույթի եւ անցողիկ միավորների նախնական պատկերի մասին խոսել Հանրապետական ընդունող հանձնաժողովը դեռ չի ցանկանում:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG