Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը «Առավոտ»-ում կարծիք է հայտնում. - «Ինչպես բոլոր բռնապետությունների, այնպես էլ Քոչարյանի վարչակարգի գերխնդիրը իշխանության պահպանումն է, որի միակ ճանապարհը իշխանությունները տեսնում են ներքաղաքական զարգացումներ թույլ չտալու մեջ: Այնուհանդերձ, հիմա ժամանակն աշխատում է հօգուտ ընդդիմության: Իշխանությունը պիտի փորձի առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում իշխանափոխություն ու արտահերթ ընտրություններ իրականացնել: Սա իշխանության վերարտադրվելու միակ հավանական ճանապարհն է, որի դեպքում քաղաքական դաշտի ուժերի հնարավոր կոնսոլիդացիաները կարող են չհասցնել վերաճելու Դիմադրության շարժման: Այս պահին երկրում Դիմադրության շարժում կա, որովհետեւ երկրի ազգաբնակչության ամենաքիչը 90 տոկոսը չի ընդունում, ատում է այս իշխանություններին: Մնում է միայն այդ շարժմանը կազմակերպված ձեւ տալ ու պատրաստ լինել հնարավոր իշխանափոխությանը»:

«Ժամանակ-Երեւան»-ը գրում է. - «Հանրապետականում մեկը ծաղիկ է, մյուսները՝ կոկոն՝ Հայաստանի հանրապետական կուսակցության կառուցվածքն այսպես է բնորոշում բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը, որը նույնպես Հանրապետական կուսակցության անդամ է: Մասնագիտությամբ բուսաբանը որպես կուսակցության ծաղիկ որակում է կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին: Հետո ի՞նչ, որ շատերի կողմից «քաղաքական լուրջ գործոն», «մոխրագույն կարդինալ» հորջորջվող Սերժ Սարգսյանը փաստացի դարձավ հանրապետական, միեւնույնն է՝ նա, նրա հետ եկած թաղային հեղինակությունները եւ մյուս անդամները, Արտաշես Զիրոյանի ներկայացմամբ, չհասունացած կոկոններ են: «Շատ ժամանակ է պետք, որ նրանք ծաղիկ դառնան», - հավելում է Զիրոյանը: Նա վստահ է, որ Հանրապետականի «պահպանման ժամկետը» կտեւի մի 100-200 տարի: Զիրոյանը իր ղեկավարությամբ ունի 7-10 աշխատող, ովքեր հանրապետականներ են: Իսկ ինչպե՞ս են դարձել նրանք հանրապետական: «Պարտադիր չէ, որ նրանք հարեն այդ կուսակցության գաղափարներին: Նրանք ուղղակի տեսնում են, որ Զիրոյանը լավ մարդ է, ուրեմն՝ պետք է անդամագրվել այդ կուսակցությանը», - իր ստորադասների՝ Հանրապետական կուսակցության անդամակցության պարագան այսպես բացատրեց կենսառեսուրսների կառավարման գործակալության պետը: Վերջինիս ներկայացմամբ, այդպես է նաեւ վարչապետը, որին, նրա համոզմամբ, հանրապետության 60-70 տոկոսը հարգում է: «Իրոք, ինքը լավ մուժիկ է», - գորովանքով նշեց Զիրոյանը»:

«Իրավունք»-ի փոխանցմամբ. - «Հայաստանում գրեթե չկա որեւէ չինովնիկ, ով չասի, որ մեր ապագան տեղեկատվական բարձր տեխնոլոգիաներն են: Սակայն զարմանքով պարզում ենք, որ մեր երկրի ամբողջ ինտերնետը Վրաստանով՝ ծովի հատակով անցնող միակ մալուխի վրա է, եւ այդ մալուխի՝ օգոստոսի 4-֊ին վնասվելու պատճառով մի ամբողջ 6 ժամ պահանջվեց, որպեսզի ժամանակավորապես արբանյակային կապի միջոցով Հայաստանը վերականգնի ինչպես ինտերնետը, այնպես էլ միջազգային հեռախոսակապը: Զարմանալով հանդերձ՝ մնում է փաստել, որ բավական է Սեւ ծով նետված ընդամենը մի քանի ստորջրյա ռումբ, որպեսզի խաչ քաշվի մեր բարձր տեխնոլոգիական ապագայի վրա, եւ ընդհանրապես դառնանք անկապ երկիր՝ հեռախոսակապի առումով»:

Նույն «Իրավունք»-ը իր «Փանջունու անկյուն»-ում զետեղել է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ենթադրյալ պատասխանը Սերժ Սարգսյանին, որը «Ազատություն» ռադիոկայանին վերջերս տված հարցազրույցում վերապահումներ էր արել «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կապված, նույնիսկ կասկածի տակ էր առել այդ կուսակցության գոյությունը: Գագիկ Ծառուկյանի պատասխանն այսպիսին է. - «Կուսակցությունները աշնանն են հաշվում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG