Մատչելիության հղումներ

Կանայք էլ ունեն սիրած աշխատանքով զբաղվելու իրավունք


Հասմիկը պետական ապարատում է աշխատում երկար տարիներ: Նա ասում է, որ իր կարիերայի ընթացքում հաճախ է հանդիպել կանանց ու տղամարդկանց միջեւ խտրականության: «Կարող էի ընտրվել վարչության պետի տեղակալ, սակայն նախապատվությունը տվեցին ինձ հետ մրցող տղամարդուն»,- ասում է նա: Հասմիկը կարծում է, որ հայկական մենթալիտետը, երբ հայ կինը միշտ էլ համարվել է «համեստության ու հեզության մարմնավորում», «ընտանիքի մշտավառ օջախ», «տան անմար կրակ», միշտ էլ մեծ դեր է խաղալու ու խանգարելու է կանանց որեւէ ոլորտում մեծ հաջողությունների հասնել:

Տարիներ առաջ կանայք ըմբոստացան` պահանջելով հարգել իրենց իրավունքները: Այս ըմբոստացումն ստացավ «ֆեմինիստական շարժում» անվանումը եւ մինչ օրս էլ շարունակվում է բազմաթիվ զարգացած երկրներում:

Կլարա Ցետկինն ու Ռոզա Լյուքսեմբուրգն առաջիններից էին, որ առաջ քաշեցին «ինչո՞վ ենք մենք պակաս տղամարդկանցից» գաղափարը: Կարելի է ասել, որ նրանց հաջողվեց ինչ-որ բան փոխել: Այսօր աշխարհում կան կին նախագահներ, կին կանցլեր, իսկ Հայաստանում կին է մշակույթի նախարարը, կին էր նաեւ մարդու իրավունքների առաջին պաշտպանը, որը հետո ինչ-ինչ պատճառներով զրկվեց պաշտոնից:

Արդեն 21-րդ դարն է, ու այսօր մի շարք երկրներում կանայք վիրավորվում են ու նույնիսկ կարող են դատի տալ այն տղամարդկանց, ովքեր իրենց հասարակական տրանսպորտում նստելու տեղ են զիջում: «Ինչո՞վ ենք ձեզնից պակաս: Մենք էլ կարող ենք կանգնած երթեւեկել»,- ասում են նրանք:

Ճիշտ է, հայ կինը նման ծայրահեղություններից, երեւի թե, դեռ շատ հեռու է, սակայն օրենքը նրան հնարավորություն է տալիս ուղղակի ընտրել ու ունենալ սիրած աշխատանք:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG