Մատչելիության հղումներ

logo-print

Հակոբ Մովսես. «Միակ լուրջ մտածող, կարգին մարդը «Բարգավաճ Հայաստան»-ում Գագիկ Ծառուկյանն է»


Հայաստանի մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ եւ թարգմանիչ Հակոբ Մովսեսը նայել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքները, ժողովները, եւ այնտեղ «միակ լուրջ մտածող, կարգին մարդուն», որ տեսել է՝ Գագիկ Ծառուկյանն էր:

«Մնացածները՝ ինչ-որ նկարիչներ, պարուսույցներ, պարողներ, երեկ ՀՀՇ-ի արոտներում էին, քիչ առաջ՝ դաշնակցականների, հիմա՝ «Բարգավաճ Հայաստան»-ի: Ես շատ վախենում եմ, որ այդ մարդիկ ուղղակի Գագիկ Ծառուկյանին վարկաբեկեն՝ մարդ, որի մասին շատ լավ են խոսում, որը դրական կերպար ունի ժողովրդի մոտ»,- հայտարարեց մշակույթի նախկին նախարարը եւ ամփոփեց, թե «այդտեղ մտավորականություն չկա, այդտեղ կան արհեստավորներ՝ պարողներ, նկարիչներ, դերասաններ, այդտեղ հումանիտար միտք գոյություն չունի»:

«Մտավորականը նա է, ով միտք է արտադրում: Ոչ թե բանաստեղծություններ է արտադրում, ոչ թե դերեր է խաղում, ոչ թե կուսակցական գործով է զբաղվում, այլ մտքի սեփականատեր է: Մենք այդպիսի խավ այսօր Հայաստանում չունենք»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի մշակույթի նախկին նախարարը:

«Հայաստանում շատ լավ մտավորականներ կան՝ հիսուն, հարյուր, բայց խոսքը խավի մտայնության մասին է եւ ոչ թե առանձին անհատների: Այսօր, այդ իմաստով, կարծում եմ, մենք մտավորականություն չունենք: Իսկ այ այդպիսի լուրջ մտավորականներին դուք սկսած ՀՀՇ-ի ժամանակներից ոչ մի կուսակցության փարթամ արոտները մղվելիս չէիք տեսնի»,- նշեց Հակոբ Մովսեսը:

Միաժամանակ, նա հայտարարեց, թե ժամանակին սիրով է ընդունել մշակույթի նախարար դառնալու ՀՀՇ-ի առաջարկը. «Մանավանդ որ այդ ժամանակ իշխանության մեջ էին մարդիկ, որոնց մինչ օրս շատ հարգում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հրանտ Բագրատյանը եւ այլոք»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է մեղադրում «Բարգավաճ Հայաստան» մտնողներին, Հակոբ Մովսեսը պատասխանեց, թե չպետք է իրար խառնել կուսակցական գործունեությունը եւ պետական պաշտոնը:

Հակոբ Մովսեսը վստահ է, որ ՀՀՇ-ն այլեւս երբեւէ չի գա իշխանության: «Եւ Աստված չանի, որ գա, միեւնույն ջուրը մի քանի անգամ չեն մտնում: Մանավանդ, որ ՀՀՇ-ն, կարծում եմ, չապացուցեց երկիր կառուցելու իր ծրագրերի բարոյական ողջամտությունը: Բայց ՀՀՇ-ի մեջ կան մարդիկ, որոնք ես մեր ժողովրդի պատմության համար երջանիկ պատեհություն կհամարեի, եթե այսօր գային քաղաքականություն, օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- հայտարարեց նախկին նախարարը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG